Պարզվում է՝ «X գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար Խաչիկ Խաչատրյանն անպարտելի է: Վերջինս ամիսներ առաջ «Արաքս» թռչնաֆաբրիկայում իր թիկնազորի պետի հետ մարդ էր ծեծել եւ մնաց անպատիժ:
«Ժողովուրդ»-ն այս տարվա ապրիլի 1-ի համարում գրել էր, որ Խաչիկ Խաչատրյանը (ձվերի Խաչիկ) մարտի 28-ին Ջրարբի գյուղում գտնվող իրեն պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայում աղմկալի պատմության մեջ էր ընկել: Իր սեփական գործարանի տարածքում Խաչիկ Խաչատրյանի եւ գործարանի սառնարանի մասնագետ, 38-ամյա Վյաչեսլավի խոսակցությունը չէր ստացվել: Եվ որպես «իսկական շեֆ», Խաչիկ Խաչատրյանն իր թիկնազորի պետ՝ Հունանի հետ հենց թռչնաֆաբրիկայի տարածքում ծեծի էր ենթարկել Վյաչեսլավին:
Թե ինչն էր եղել ծեծի պատճառը, փորձել էինք պարզել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանից: Սակայն նա դեռ ամիսներ առաջ հերքել էր լուրը՝ ասելով, թե Խաչատրյանի թիկնազորի պետը Հունանն է, բայց իրենց մոտ նման ծեծի դեպք չի եղել:
Դեռեւս ապրիլին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ ծեծի գործով կատարվում է քննություն: Եվ ահա օրերս մեզ հայտնի դարձավ, որ ծեծի գործը կարճվել է ՀՀ քր. դատ. օր. 35 հոդվածի առաջին մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ բողոք չի եղել: Դե, իհարկե, դժվար էր պատկերացնել, որ սառնարանի աշխատակիցն անպատժելիության մերօրյա մթնոլորտում կարող էր բողոքել գործող իշխանությանն ամենատարբեր ծառայություններ մատուցող գործարարի դեմ: Ի վերջո, չի բացառվում, որ Խաչիկ Խաչատրյանը սպառնացել է իր աշխատակցին եւ վերջինս էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար որոշել է իրավական ընթացք չտալ եւ բողոք չներկայացնել իրավապահներին:
Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ գործարար Խաչիկ Խաչատրյանն, ի տես բոլորի, մարդ է ծեծում ու մնում է անպատիժ, իսկ նրա այլ աշխատակիցներ, որ ձու էին գողացել՝ կալանավորվեցին:
Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Արաքս» թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ, Արմավիրի մարզի Ջրամբար գյուղի բնակիչներ Գեւորգ եւ Վարդան Մկրտչյանները թռչնաֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների հետ միասին ընկերությունից 890 արկղ հավկիթ էին գողացել՝ Խաչիկին պատճառելով 18 մլն ՀՀ դրամի վնաս: Բնականաբար, այս գործը ոստիկանությունում ամենայն մանրամասնությամբ քննեցին եւ ուղարկեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն գողության մեջ մեղադրվող Մկրտչյանների հորեղբոր կինը՝ Սուսաննա Մկրտչյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե «անհնար է, որ տղաները 18 մլն դրամի վնաս տային ընկերությանը: Ո՞նց կարող է մարդն իր հացի աղբյուրն իր վրա կտրել»:
Բայց քանի որ գործի մի կողմում Խաչիկ Խաչատրյանն էր, ՀՀ ամենաանկախ դատարանը՝ այս դեպքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, թռչնաֆաբրիկայի աշխատակից Գեւորգ Մկրտչյանի եւ Դավիթ Հաբեթյանի պատիժը պայմանականորեն չկիրառեց, իսկ ահա Հովհաննես Մկրոյանը, Սարիբեկ Մկրտչյանը Վարդան Մկրտչյանը դատապարտվեցին 4 տարվա ազատազրկման:
Բայց սրանով չի ավարտվում Խաչիկ Խաչատրյանի եւ նրան պատկանող ընկերությունների կողմից իրականացված ապօրինությունների շղթան: Այս տարվա օգոստոսի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էին իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունում եւ պարզել, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երեւանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ-սառնարանից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով ձվերի թաքնված խմբաքանակ են մատակարարել Վանաձոր քաղաք՝ խուսափելով հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից: Արդյո՞ք աշխատակիցներն այս քայլին գնացել էին առանց իրենց տնօրենի իմացության՝ դժվար թե, քանի որ եթե այդպես լիներ, ապա Խաչիկ Խաչատրյանը ժամանակ չէր կորցնի եւ իր աշխատակիցների արարքի համար կդիմեր իրավապահներին: Ի վերջո, նա եւ իրեն պատկանող ընկերությունները ոստիկանություն դիմելու մեծ փորձ ունեն:
Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում