Խորհրդարանական եռյակը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Արարատի քաղաքապետի գործունեությունը: Բայց ուշագրավը հայտարարության հատկապես առաջին նախադասությունն է, որտեղ ասված է. «Խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հոկտեմբերի 10-ին նշանակած համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ են անցկացնում նաեւ հանրապետության մի շարք քաղաքներում»: Այսինքն՝ մինչ օրս իրեն այլընտրանքային քաղաքական ուժ համարող ԲՀԿ-ն արդեն մտել է ընդդիմադիրների շարքը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ՝ պարզելու, թե երբվանի՞ց է այլընտրանքային դիրքորոշումը սրվել՝ դառնալով ընդդիմադիր:
-Պարո՛ն Ուրիխանյան, խորհրդարանական երեք ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հենց առաջին նախադասության մեջ ԲՀԿ կուսակցությունը դիտարկվում է որպես ընդդիմադիր ուժ: Այսօրվանի՞ց է ԲՀԿ-ն ընդդիմադիր դարձել:
-Մենք չենք մեզ ընդդիմադիր համարում, ժողովուրդն է այդպես կարծում, մեզ այդպիսին համարում: Պետք չէ ընկնել ձեւակերպումների հետեւից:
-Այդ ձեւակերպումը ժողովրդին ձեր կողմը գրավելու համա՞ր եք արել: Առաջիկայում հանրահավաքներ եք նախատեսում կազմակերպել, եւ այնտեղ ավելի հոծ բազմություն հավաքելու նպատակո՞վ է այդպիսի ձեւակերպում արվել:
-Ես նույն բանը պետք է ասեմ: ժողովուրդն է որոշողը: Չեմ պատասխանի Ձեր այս հարցին այնպես, ինչպիսի պատասխան Դուք եք ցանկանում լսել:
-Դեռեւս այս տարվա մայիսի 28-ին Սարդարապատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն երբեւէ չի կարող ընդդիմադիր լինել: Այս դիտարկմա՞նն էլ եք նույն կերպ արձագանքելու:
-Ժողովուրդն է մեզ ընդդիմադիր համարում: Չեմ ուզում ընկնել արարողակարգային եւ ընթացակարգային երեւույթների ետեւից: Մեր այս կարգավիճակը ժողովուրդն է որոշում:
Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում