տուն Մամուլ «Ժողովորդ». Անցանկալի զեկույցը չհաջողվեց չեղարկել

«Ժողովորդ». Անցանկալի զեկույցը չհաջողվեց չեղարկել

75
0

joxovurd4

Չնայած ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության գործադրած ջանքերին, այդուամենայնիվ մեզ համար անցանկալի «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» մերժելի վերնագրով զեկույցը կպատրաստվի անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերի ներկայացմամբ:

 

Իսկ մինչ այդ երեկվա նիստում  Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Քոքսը բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման մասին:

Վերջին ամիսներին գրանցված պատերազմներից (Ուկրաինայի քաղաքացիական պատերազմը, Գազայի պատերազմը) եւ Իրաքում ու Սիրիայում բռնությունների աճից բացի, վատթարացել է նաեւ մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը նախագահող երկրում՝ Ադրբեջանում, հայտարարել է Նիդեռլանդները ներկայացնող պատգամավորը: «Ամոթ է, որ մի երկիր, որը պատիվ ունի կիսելու այս կազմակերպության անդամակցությունը, օգտագործում է նախագահության իր ժամանակն իր երկրում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը վատթարացնելու համար: Չափազանց շատ կլիներ ակնկալել, որ իրավիճակը բարելավվեր, բայց վատթարացումն ամոթ է»,-նշել է պատգամավորը:

Քոքսը շնորհակալություն է հայտնել նաեւ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին՝ Ադրբեջան մեկնելու, իրավիճակը ներկայացնող  զեկույցներ պատրաստելու եւ հստակ հայտարարությունների համար այն մասին, թե ինչ պետք է բարելավվի երկրում, որը նախագահում է Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովը: Անն Բրասյորն ավելի վաղ նիստի բացման իր ելույթում հայտարարել էր, որ օրեր առաջ  եզրափակել է իր աշխատանքային այցն Ադրբեջան: Նա նշել էր, որ երկրի իշխանություններին հանդիպելուց բացի,  տեսակցել է նաեւ Եվրոպայի խորհրդի երկար տարիների գործընկերների՝ ազատազրկման մեջ գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանների  եւ լրագրողների հետ: «Նման բանտարկյալներին մեր այցերն ամեն տեղ ընկալվում են ոչ միայն իբրեւ խորհրդանիշ, այլեւ որպես քաղաքական ուղերձ»,- հավելել  է նա:

Վեհաժողովն արդեն նստաշրջանի երկրորդ օրը քննարկեց Եվրոպայում ռասիզմի, նեոնացիզմի դրսեւորումների ու դրանց դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում կոչ արեց միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հայատյացության համար: Ինչպես եւ կարելի էր ակնկալել` Ն. Զոհրաբյանի ելույթին ընդդիմացան ադրբեջանցի պատվիրակներ Սահիբա Գաֆարովան եւ Սեւինջ Ֆաթալիեւան, որոնք Հայաստանի պատվիրակության անդամին մեղադրեցին «սխալ տեղեկատվություն տարածելու» մեջ:

Այնուհետեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը քննարկեց «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցի հեղինակների նշանակման հարցը: Արդյունքում զեկուցող նշանակվեց անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը: Քվեարկության ներկայացված  երկու թեկնածուներ Ժան Կլոդ Մինյոնից  եւ Ռոբերտ Վոլտերից  երեք ձայնի առավելությամբ զեկուցող ընտրվեց Ռոբերտ Վոլտերը: Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հայտարարել է, որ չի համագործակցելու եւ չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Ի նշան բողոքի` հայ պատվիրակները լքեցին դահլիճը:

Մանրամասները՝ «Ժողովորդ» օրաթերթում