«Հիմնադիր խորհրդարանը» խաղում է ազգային զգացմունքների հետ, այսօր լրագրողների հետ քննարկմանը հայտնեց պատմաբան Արգամ Այվազյանը: «Ազգային զգացմունքների վրա չի կարելի որևէ մեկին խաղալ: Իշխանափոխություն անելը պետք է, եթե այդպես են համարում, բայց պետք է անել գրագետ ու ճիշտ ժամանակին: Մենք, ցավոք սրտի, չունենք այն առաջնորդը, որը կարող է իր հետևից տանել մի ամբողջ ազգ: Ապրիլի 23-ին նմանատիպ ավտոերթ կազմակերպելը ի՞նչ միտք ունի: «Հիմնադիր խորհրդարանը» չի մտածո՞ւմ, որ այդ օրը Հայաստան են գալու Սփյուռքից շատ հայեր, ու եթե նմանատիպ բան տեսնեն, կհիասթափվեն ամբողջությամբ իրենց հայրենիքից: Ու այդ խորհրդարանի անդամները իրենց համարում են ազգի համար մտահոգ մարդի՞կ»:
«Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը թող զբաղվի իր գործերով, և չխառնվի քաղաքականությանը»,- ասաց պատմաբանը: «Մեզ մոտ քաղաքկան ուժերի պայքար չի, այլ խմբակային ուժերի պայքար է, որը ձգտում է իշխանության: «Հիմնադիր խորհրդարանը» հերթի մեջ է, թե որտեղ է ազատ, որ մխրճվի»:
Բերձորի միջադեպով հարված հասցվեց Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունների մեջ, ավելացրեց Արգամ Այվազյանը: «Մեզ պետք չէր սրված հարաբերություններ ունենալ այս դժվար ժամանակահատվածում: Մեզ պետք չէր «ղարաբաղցի» ու «հայ» տարանջատումը, որն արեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: Ոստիկանները իրենց մեղքի բաժինը ևս ունեն, սակայն, եթե լսեին Բակո Սահակյանին, և չգնային, ապա ոչ մի ընդհարում չէր լինի»: