«Հարգելի՛ հայրենակիցներ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանցավոր ռեժիմին հեռացնելու գործում էական դեր են կատարելու քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Դրանք պետք է կատարվեն ինչպես փողոցային ակցիաների, այնպես էլ այլ եղանակներով: Արդեն գիտեք, որ ձեզ փողոց ենք հրավիրելու այս տարվա ապրիլի 24-ին: Սակայն մինչ այդ ռեժիմին թուլացնելու նպատակով մենք անհնազանդության գործողությունների շարքը սկսում ենք այսօրվանից: Որպես առաջին գործողություն՝ կոչ ենք անում չվճարել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները: Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաեւ նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից: Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից եւ վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց եւ կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների եւ տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների: Միեւնույն ժամանակ հորդորում ենք մեր խոսքը չընդունել որպես իրավախախտում կատարելու կոչ եւ խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: Տուգանքի վճարումը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ դիմումի ձեւը կարող եք գտնել հասցեով, կամ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում ( ք․ Երեւան, Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտանը կից շենք, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից, ժամը 10:30-18:00, բացի կիրակի օրերից): Կարճ ժամանակ անց մենք կհայտարարենք անհնազանդության ուրիշ քայլերի մասին»: