տուն Լուրեր Ժիրայր Սեֆիլյանըˋ ավտոերթին նախորդած դեպքերի մասին

Ժիրայր Սեֆիլյանըˋ ավտոերթին նախորդած դեպքերի մասին

80
0

Սեֆիլյան

Տեղի ունեցածը պետք չէ վերագրել արցախցուն: Շատերը կփորձեն այս դեպքն օգտագործել  Արցախի ու ՀՀ-ի միջև սեպը խորացնելու համար, բայց մեր հանդեպ կատարված վայրենությունների հետ արցախցին կապ չունի: Նման կոչ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասարակությանն արեց  «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս անդրադարձավ Բերձորում ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելուց առաջ նախորդած դեպքերին:

«Ավտոերթը մենք նախատեսում էինք դեռ դեկտեմբերի 20-21-ին անցկացնել, բայց Ստեփանակերտից մեզ հետ կապվեցին և հրավիրեցին Արցախ հարցը քննարկելու: Արցախում մի քանի հոգի արդեն իսկ դեկտեմբերի կեսերից սկսել էին սևացնել մեր շարժումն ու մեզ: Սա ցածր մակարդակի տեղեկատվական հարձակում էր, որով փորձ էր արվում մեզ հետ պահել ավտոերթից:  Երթից առաջ ինձ հետ կապվեց տեղի ոստիկանապետը և խնդրեց, որ մենք մտափոխվենք: Ես բացատրեցի, որ դա հնարավոր չէ: Արցախի ոստիկանապետից հեռախոսազնագեր մի քանի անգամ ենք ստացել: Նա փորձում էր կոմպրոմիսի գալու տարբեր հնարքներ գտնել, հետո ասաց, որ Բակո Սահակյանը համաձայնվել է, որ մենք գնանք ավտոերթի և անենք իրազեկումն ուղիղ եթերով, որի բովանդակության շուրջ դեռ պետք է համաձայնության գայինք»,-ասաց բանախոսը:

Վերջինս նշեց, որ այդ հայտարարությունն իրենց վստահություն չներշնչեց, բայց նրանք փորձեցին գնալ ու պարզել, թե ինչ տրամադրություններ են տիրում այնտեղ: Ժիրայր Սեֆիլյանը նկատեց, որ դրանից հետո իրենք հանդիպել են նաև Արցախի մի շարք պաշտոնյաների հետ, որոնք կարևորել են Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը և մտահոգություն հայտնել, որ Արցախը գործընթացներից անմասն է մնացել: Ըստ Սեֆիլյանիˋ տեղի ունեցածը ցույց տվեց, որ մենք գործ ունենք մի կառավարման օղակի հետ, որը երբեք ադեկվատ չէ իր գործառույթներում: Ըստ բանախոսիˋ միակ վստահելի կառույցը, որ մնացել է ժողովրդի կողքինˋ բանակն է, ուստի բանախոսը կոչ արեց հույսը դնել միայն բանակի վրա և այս համակարգում ևս լուրջ բարեփոխումներ կատարելˋ կապված պաշտոնյաների անձնակազմի հետ:

 

Վարդուհի Ստեփանյան