տուն Արցախ «Ժառանգությունը» չի կարող կոնսոլիդացվել ոչ լեգիտիմ իշխանության հետ

«Ժառանգությունը» չի կարող կոնսոլիդացվել ոչ լեգիտիմ իշխանության հետ

88
0

joxov

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանդիպումները Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ չեն նշանակում, որ երկրում համախմբվածություն կա:

«Հանդիպմանը նորմալ եմ նայում, բայց եթե ուզում են աշխարհին ցույց տալ, որ համախմբված են, ապա համախմբում լինում է բովանդակային քայլերի շուրջ, ոչ թե ձևական արտահայտություններով, իսկ բովանդակային քննարկումների իշխանությունը չի գնում, որի ապացույցն են թե´ Հրազդանի ընտրությունները, թե´ Ընտրական օրենսգիրքը եւ այլն, ուստի բովանդակային համախմբում իշխանությունների հետ հնարավոր չէ: Իհարկե, եթե չկան ստվերային այլ-այլ պայմանավորվածություններ՝ ապագա խորհրդարանի եւ այլ հարցերի շուրջ»,- Araratnews.am-ին ասաց ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այդ հանդիպումներին նորմալ է վերաբերում, անկախ նրանից՝ քննարկման բովանդակության հետ համաձայն են, թե ոչ:

 

«Ժառանգություն» կուսակցության համար իշխանությունների  հետ համախմբվածության շրջանակը չի ուրվագծվում: Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց համար պարզ չէ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հետ համախմբումը ինչ շրջանակում է տեսնում:

«Եթե պարոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է  կոնսոլիդացվել իշխանության հետ՝ իր խնդիրն է, բայց ամբողջ ընդդիմադիր դաշտի մասին այս դեպքում չենք կարող խոսել: «Ժառանգությունը» չի կարող կոնսոլիդացվել մի իշխանության հետ, որը հերիք չէ, որ լեգիտիմ չէ, նաեւ շարունակում է այն արատավոր քաղաքականությունը, որը բերեց այս վիճակին»,- նշեց ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը:

Արմեն Մարտիրոսյանն, այնուամենայնիվ, շեշտեց՝  համախմբվածություն կա, բայց առանց իշխանությունների: Ըստ նրա՝ իշխանությունն ու հասարակությունն ամբողջովին հակադիր նպատակներ, ցանկություններ ունեն լուծելու:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, սակայն, ողջունում է նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք միայն ուրախանալու առիթ են, ոչ թե ենթատեքստեր փնտրելու:

«Հայաստանյան քաղաքական մշակույթի համար են նման կարգի հանդիպումները խորթ ու նեգատիվ ընկալվում, որովհետև Հայաստանում քաղաքական դաշտը բաժանված է սևի եւ սպիտակի, որոնք մշտական պայքարի մեջ պետք է լինեն իրար հետ: Նորմալ քաղաքակիրթ երկրներում գործող եւ նախկին նախագահները մշտապես հանդիպում եւ քննարկումներ են ունենում»,- նշեց տիկին Զոհրաբյանը:

ԲՀԿ ղեկավարը համաձայն չէ, որ դրանք «ձևական» հանդիպումներ են:

«Բացարձակ ձևական չեմ համարում ՀՀ առաջին նախագահի այցը Արցախ, որի օրոք մենք Արցախյան հաղթանակ ենք ունեցել: Վստահ եմ՝ ինքը բավականին լուրջ եւ հագեցած օրակարգ է ունեցել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը՝ հորդորելով գնահատել ունեցած ռեսուրսները.- «Մենք պետք է կարողանանք գնահատել այն ռեսուրսը, որն ունենք, կապ չունի՝ այն իշխանության մեջ է, թե ոչ: Քաղաքակիրթ երկիր կառուցելու ճանապարհը, միմյանց ոչնչացնելով եւ հաճախորդ համարելով՝ մենք հերթական անգամ հանրության մեջ բոլոր քաղաքական ուժերի հանդեպ մեծացնում ենք անվստահությունը: Պետք է կարողանանք ճիշտ գնահատել այն մարդկանց ռեսուրսը, որոնք աշխատել են երկրի համար, սակայն իշխանության մեջ չեն, բայց կարող են իրենց խորհուրդներով, քայլերով օգուտ բերել երկրին: Պետք է կարողանանք գնահատել Հրանտ Բագրատյանի, Վազգեն Մանուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, Ռուբեն Վարդանյանի եւ մնացածի ռեսուրսները, որոնք կարող ենք օգուտ բերել երկրին»:

Շողիկ Գալստյան