տուն Լուրեր Զգուշացե՛ք, Instagram-ում ֆեյքերն ակտիվացել են, հնարավո՞ր է տարբերել նրանց

Զգուշացե՛ք, Instagram-ում ֆեյքերն ակտիվացել են, հնարավո՞ր է տարբերել նրանց

127
0

Instagram-ում նորից շատ ակտիվ սկսել են ֆեյք էջեր տարածվել: Այս մասին ահազանգում են օգտատերերը: Նրանցից մեկը, ով վերջերս խնդիրներ էր ունեցել համացանցում, նշում է, որ իր անունով ու նկարներով ֆեյք էջ է բացվել, որի օգտատերը նամակներ է գրել իր ծանոթներին, հիմնականում՝ նույն բովանդակությամբ:

«Վերջին շրջանում ընկերներս շատ էին բողոքում, որ «Ինստագրամում» անհայտ էջերից իրենց գրում են, ինչ-որ անիմաստ հարցեր են տալիս կամ ասում են, թե խնդիրներ ունեն ու ցանկանում են մեկի հետ կիսվել: Ընդամենը մի քանի օր առաջ էլ հերթն ինձ հասավ, նախ իմ անունով ու իմ նկարներով ֆեյք էջ էին բացել ու ընկերներիս էին գրում, հետո երբ ես այդ էջին գրեցի, նկարներս հեռացրին, անունն էլ փոխեցին ու ուրիշի նկարներով ու անունով սարքեցին, բայց շարունակեցին գրելը: Բոլորին նույն բաներն էին գրում՝ հայերեն բառերով, բայց լատինատառ, ու երբ մենք փորձում էինք պատասխանել հայատառ, պատասխան չէր գալիս, երկար նախադասություններով ու բառակապակցություններով նամակներին էլ չէին պատասխանում»,- նշեց մեզ հետ զրուցած օգտատերը և հավելեց, որ իր կարծիքով՝ գուցե դա ադրբեջանցու ֆեյք է եղել, ով շատ քիչ հայերեն է իմացել:

Այս դեպքերում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, շատ բան անել հնարավոր չէ, միակ տարբերակն իրազեկելն է մյուսներին, որ տարօրինակ ու անծանոթ պրոֆիլներին պետք է ուղղակի բողոքել (Report անել):

Փորձագետը նաև ընդգծեց, որ այս դեպքերում նույնիսկ ոստիկանությունը շատ բան անել չի կարող. «Եթե ուղղակի վատ բաներ է գրում, դա քրեորեն պատժելի չէ, բացի դա, ոստիկանությունն էլ Instagram-ի հետ չի համագործակցում, որ որևէ բան կարողանա անել: Եվ եթե ադրբեջանցի էլ լինում է, իրենք շատ են էդպիսի բաներ անում, մեկը փակես, էլի կբացեն, կարևորը  մարդկանց բացատրելն է, թե չէ մի ֆեյք փակելով հարց չես լուծի»:

Իսկ ֆեյքերի օգտատերերն ադրբեջանցի՞ են, թե՞ մեկ ուրիշ երկրից, Instagram-ի դեպքում, Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ դա էլ հնարավոր չէ որևէ կերպ հասկանալը. «Այդ հնարավորությունը չկա, խաբելը շատ հեշտ է, թե տվյալ ֆեյքը որտեղի՞ց է, եթե ինքն իր տեղը չի նշել (check in): Նույնիսկ եթե տեղն էլ նշած լինի, դա չի խոսում այն մասին, որ տվյալ ֆեյքի օգտատերը հենց այդ նշված տեղից է, որովհետև Instagram-ը հնարավորություն է տալիս լինել մի տեղ, բայց նշել մեկ այլ տեղի անուն»:

Էմմա Հովսեփյան