Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ կեսգիշերին, Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որն այդ պահին եղել է մեքենայի մեջ: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:
«Մեքենան («Վազ 21/06»), որից հնչել են կրակոցները, պատկանել է Հրաչիկ Աբգարյանի (Էջմիածնի նախկին քաղաքապետ) եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին: Մեքենայի մեջ եղել են Ստեփան Աբգարյանը, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը եւ եւս մեկ հոգի: Կարեն Գրիգորյանը իր եղբոր՝ Արման Գրիգորյանի մեքենայով Երևանից վերադառնալիս է եղել, 06-ը խախտել է երթևեկության կանոնները, ապա մեքենայի ապակուց (զենքը) հանել են, սկսել կրակել»,- դեպքի մանրամասները ներկայացրեց Վարդանյանը:
— Փաստորեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ մահափո՞րձ է տեղի ունեցել, այո՞:
— Իրենց հարցրեք: Ես երկուշաբթի կասեմ, էսօր եւ վաղը քարոզչությունն արգելվում է, կարող են ասել՝ նախընտրական քարոզչություն է:
— Ինչո՞ւ է Արթուր Թումանյանը հայտնվել հիվանդանոցում, եթե կրակոցները հնչել են նրանց կողմից:
— Զենքը խլել են, հայտնվել է հիվանդանոցում:
— Այսինքն՝ ծեծե՞լ են:
— Բնական չի՞:
— Կարեն Գրիգորյանի թիմակիցնե՞րն են ծեծել Արթուր Թումանյանին:
Չգիտեմ, էջմիածնեցիներ են եղել զենք խլողները, մարդիկ, որոնք միջամտել են:
ՀՀ քննչական կոմիտեից Araratnews.am-ին հայտնեցին, որ կրակոցների առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: