Բրյուսելում ընդունված բոլոր չորս զեկույցներն ընդունվել են հայկական կողմի համար ընդունելի երանգներով: Այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց աշխատանքային այցով Բրյուսելից նոր վերադարձած, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ վեհաժողովում, որը տեղի է ունեցել Երևանում անցյալ տարի, հաստատվել էին չորս զեկույցների վերնագրեր, որոնք պետք է նախապատրաստվեին հինգերորդ լիագումար նիստում հաստատվելու համար:
«Ընդունված բոլոր չորս զեկույցներն էլ բխում են ՀՀ խորհրդարանական քաղաքական ուժերի ընդհանուր շահերից եւ դիրքորոշումներից: Դրանցում չկան խնդիրներ, որոնք անընդունելի երանգներ ունեն իրենց մեջ. կարելի է ասել`բոլոր չորս զեկույցները մեզ համար ունեն մաքուր, ամբողջությամբ ընդունելի բնույթ ու արտահայտում են ՀՀ ներքին և արտաքին քաղաքական խնդիրներն ու դրանցով արտահայտված շահերը»,- նշեց Արտակ Զաքարյանը:
Չորս հանձնաժողովներում (տնտեսական, քաղաքական, սոցիալական և էներգետիկ) կատարած աշխատանքներն առանձին-առանձին Եվրանեսթ ԽՎ-ում ներկայացրեցին հայկական պատվիրակության անդամաները` դրանք ընդհանուր առմամբ գնահատելով դրական ու արդյունավետ:
Եվրանեսթում Սոցիալական հարցերի, քաղաքացիական հասարակության, կրթության, գիտութան և մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Կարինե Աճեմյանը, որը վարել է նիստը, ընդգծեց` բավարարված են իրենց կատարած աշխատանքով:
«Կային մեզ համար անընդունելի երկու հարցեր, որոնք ներկայացված էին ուկրաինական պատվիրակության կողմից, սակայն մեր հորդորով հանեցին այդ երկու առաջարկը»,- ասաց Կարինե Աճեմյանը` նշելով, որ իրենց զեկույցը վերաբերում էր Բոլոնյան գործընթացին:
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ պատվիրակությունը մարտի 20-24-ը Բրյուսել էր մեկնել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստին մասնակցելու համար: Նշենք նաեւ, որ Արտակ Զաքարյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին՝ Բրյուսելում ստեղծված արտակարգ իրավիճակում ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ցուցաբերած համակողմանի աջակցության, ինչպես նաև պատվիրակության վերադարձը Ֆրանկֆուրտով կազմակերպելու համար: