Հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:
ՄԻՊ-ն անդրադարձել է 2015 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գրեթե բոլոր աղմկահարույց իրադարձություններին:
ՀՀ ոստիկանությանը վերաբերող հատվածում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել 2015 թվականի հունիսին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային և այդ ակցիայի ընթացքում ոստիկանության գործողություններին: Ու թեև հաղորդման մեջ ոստիկանների այդ օրերի գործողությունները գնահատվում են որպես անհամաչափ ուժի դրսևորումներ, սակայն որևէ բառ չկա ջրցանի կիրառման դեպքի մասին, որի հետևանքով որոշ քաղաքացիներ նույնիսկ մարմնական վնասվածքներ էին ստացել:
ՀՀ ոստիկանությունից չեն շտապում մեկնաբանել ՄԻՊ-ի զեկույցի՝ իրենց վերաբերող հատվածին: Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը նշեց. «Բավականին հավասարակշռված զեկույց է, իսկ ոստիկանության մասով մեր արձագանքին ավելի ուշ կտեղեկացնենք: Այս պահի դրությամբ քննարկումներ են ընթանում»,- ասաց Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքով՝ քննարկվում են հատկապես նախորդ տարվա Բաղրամյանի դեպքերը: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ ՄԻՊ տարեկան զեկույցի վերաբերյալ իրենք հանդես են գալիս համապատասխան հայտարարությամբ, նույնը կանեն նաև այս անգամ: «Առաջիկա օրերին կլինի: Այս պահի դրությամբ զեկույցը ուսումնասիրում ենք»,- ասաց Հովհաննես Քոչարյանը: