ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացան Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, ով երկար, հանգամանորեն ներկայացրեց հարցը: Մասնավորապես, Պողոսյանն ասաց, որ ռազմավարությունը նպատակաուղղված է ապահովելու պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման ոլորտի իրավական կարգավորման կատարելագործումը, պետական կառավարման և հանրային արդի պահանջմունքները, ինչպես նաև բնագավառի բարեփոխումները պետական քաղաքականության իրականացման գործընթացում:
Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բարեփոխումները պայմանավորված են նաև բնագավառում առկա մարտահրավերներով, ինչպես նաև հասարակական հարաբերությունների զարգացման հանգամանքներով: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե արդյոք նրա թվարկած ընթացակարգերը մինչ այդ գոյություն չունեի՞ն, ինչին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ունեին. «Բայց քանի որ օրենքի ընդունումից հետո քաղաքացիական և օրենսդրական մի շարք ակտերով կարգավորել են այդ գործընթացները, առաջին հերթին հակասություններ են առաջացել, ինչպես նաև նոր պահանջներ են առաջ եկել, և հուշարձանների ոլորտը դարձել է մի քիչ մի այլ բան…»:
Վարչապետը ընդհատեց Հասմիկ Պողոսյանին` մեկ անգամ ևս հարցնելով. «Տիկին Պողոսյան, ներողություն ընդհատելու համար, բայց ընթացակարգ կա՞ր»: Պողոսյանը պատասխանեց` իհարկե, որին հետևեց Կարեն Կարապետյանի արձագանքը. «Այդ դեպքում ինչո՞ւ ենք նույն ընթացակարգն ընդունում: Այսինքն՝ մենք ակտուալիզացիա՞ ենք անում: Այս նյութը կարդալուց այնպիսի տպավորություն է, որ այդ նորմատիվ դաշտը չկար, և նոր ենք ստեղծում»:
Այնուհետև վարչապետը, դիմելով նիստի մասնակիցներին, ասաց. «Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք, եթե հնարավոր է»: