Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախկին պատգամավոր, նախկին դեսպան Շյուքրյու Էլեքդաղը խոսել է ԱՄՆ-ում տեղի ունեցող իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարրաբի (Րըզա Սարրաֆ) դատավարության՝ թուրքական իշխանությունների միջև առկա կապի մասին:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Էլեքդաղը պնդել է, որ Թուրքիայի իշխանությունների և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապերով հայտնի Զարրաբի դատավարության իրական թիրախը հենց Էրդողանն է:
Նախկին դեսպանի խոսքով Իրանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ մեղադրվող Զարրաբի դատավարությունը Թուրքիայի և Էրդողանի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի պատճառով վերածվել է քաղաքական դատավարության:
«Այդ դատավարությունը Թուրքիայի դեմ է ուղղված: Թիրախը ոչ թե Իրանն է, այլ՝ Էրդողանը: Դա ընդունենք ի գիտություն և պատրաստվենք: Չնայած Անկարան արդեն այդ ամենը զգացել է»,- նշել է Էլեքդաղը՝ ավելացնելով, որ վերջին 65 տարում արևմտյան լրատվամիջոցները երբեք նման ինտենսիվությամբ «կրակի տակ չեն պահել Թուրքիան կամ դրա առաջնորդին»:
Հիշեցնենք, որ Ռըզա Զարրաբին 2016-ի մարտին ԱՄՆ-ում ձերբակալել են թուրքական կառավարության և բիզնեսի մի շարք ներկայացուցիչների օգնությամբ Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու, բանկային կեղծարարություն անելու և իսլամական հանրապետության հետ անօրինական առևտուր ծավալելու մեջ:
Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռեզա Զարաբը գործով անցնելու է, որպես վկա և ամբաստանյալի աթոռին է հայտնվելու միայն թուրքական «Halk» բանկի փոխտնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլլան, ում միջոցով էլ Զարրաբը միլիոնավոր դոլարներ է փոխանցել Իրան:
Նոյեմբերի 30-ին գործով տեղի ունեցած դատավարության 1-ին նիստի ժամանակ Զարրաբը արդեն վկայություն է տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի դեմ: Մեծահարուստ գործարարը հայտարարել է, որ 2012-ին 45-50 մլն եվրո և 7 մլն դոլար կաշառք է տվել Չաղլայանին, որպեսզի վերջինս օգնի իրեն Իրանի հետ ոսկու առևտուրը կազմակերպելու հարցում: