Բնական ռեսուրսների արդյունահանումը և շինարարությունը սպառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բնական ժառանգության օբյեկտների կեսին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցին:
«Համաշխարհային ժառանգության (ինչպես բնական, այնպես էլ՝ խառը) 229 տարածքներից 114-ում նավթի, գազի կամ բնական հանածոների արդյունահանման թույլտվություն կա, կամ դրանց սպառնում է ինդուստրիալ ակտիվության այլ տեսակ»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
WWF-ի զեկույցում նշված է, որ ժառանգության շատ թանկ բնական տարածքներ անհրաժեշտ պաշտպանություն չունեն: Դրանց սպառնում են նավթարդյունահանումը, օգտակար հանածոների մշակումը, ինչպես նաև ապօրինի հատումներն ու ենթակառուցվածքային նախագծերը:
«Համաշխարհային ժառանգության տարածքները պետք է պաշտպանության բարձրագույն մակարդակ ունենան, սակայն մենք ունակ չենք պահպանելու նույնիսկ մեր Երկրի մակերևույթի այդ կարևորագույն մասնիկները…»,- հայտարարել է WWF-ի միջազգային քարտուղարության գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինին:
Միաժամանակ, ավելի քան 11 մլն մարդու կյանքը կախված է սննդից, ջրից, դեղերից և տանիքից, որոնք տրամադրում են Համաշխարհային ժառանգության տարածքները: Լայնածավալ արդյունաբերական ակտիվությունը կարող է լրջորեն ազդել և վատացնել այդ մարդկանց կենսապայմանները: