տուն Հասարակություն Իրավական Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

263
0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու են առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Գրիգոր Բեքմեզյանը ՀԱՊԿ նախկին քարտուղար  Յուրի Խաչատուրովի փաստաբանն է՝ Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դատական գործում:

Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ մինչ օրս Խաչատուրովի փաստաբանն է, սակայն հավաստիացրեց՝ ընտրվելուց  հետո այլեւս չի պաշտպանի Խաչատուրովի շահերը, ինչպես նաև ԲԴԽ անդամի կարգավիճակն ու լծակները ստվերային չի օգտագործի հանուն Յուրի Խաչատուրովի: «Ես Խաչատուրովին պաշտպանելիս ոչ մի քաղաքական ենթատեքստ չեմ տեսել: ԲԴԽ անդամի թեկնածության առաջարկի մեջ էլ ոչ մի քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Միայն տեսնում եմ՝ նպատակն է ապահովել դատական համակարգի բնականոն եւ առողջ աշխատանքը: Այնպես որ, իմ թեկնածության եւ վստահորդի շահերի պաշտպանության միջեւ հիմա հակադրություն չկա»,- մանրամասնեց  Գրիգոր Բեքմեզյանը:

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ  Բեքմեզյանի համար ընդունելի են դատաիրավական համակարգը բարեփոխելու իշխանության քաղաքականությունն ու քայլերը: «Ես ընդունում եմ դատական համակարգի բարեփոխման պետության մոտեցումը: Համաձայնելով այդ առաջարկին ցույց եմ տալիս՝ պատրաստ եմ ներդնել իմ ներուժը դատական համակարգի բարեփոխման մեջ»,- պատասխանեց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Արդյոք դատարանի դռները փակելու ակցիան իրավական ու ճիշտ քայլ էր, Գրիգոր Բեքմեզյանը խոստացավ հարցին պատասխանել ԱԺ-ում, քանի որ այնտեղ էլ այդ հարցը կտան, բացի այդ՝ հարցի պատասխանը մի փոքր երկար է:

Սոնա Դավթյան