տուն Լուրեր Յուրի Վարդանյանը փառահեղ սպորտսմեն է, բայց խայտառակ դիվանագետ

Յուրի Վարդանյանը փառահեղ սպորտսմեն է, բայց խայտառակ դիվանագետ

145
0

Գագ. Համբարյան

Պատերազմական իրավիճակում կարևոր են ոչ միան ճիշտ ու կազմակերպված գործողությունները ռազմաճակատում, այլ նաև դիվանագիտության մեջ: Տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնող հայ դիվանագետների աշխատանքին araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ մեր դեսպանների աշխատանքն այս իրավիճակում բացասական է գնահատում.«Համապատասխան կարևոր մայրաքաղաքներում մեր դեսպանների աշխատանքը չի երևում: Օրինակ՝  Ադրբեջանի դեսպանը Մոսկվայում շատ ակտիվ հարցազրույցներ է տալիս, իսկ որտե՞ղ է  մեր դեսպանը: Ես որևէ դեսպանի դեմ չեմ, պարզապես ուզում եմ, որ մեր դեսպանները նախաձեռնող լինեն: Կարծում եմ՝ մայրաքաղաքներ կան, որտեղ մենք իրավունք չունենք դեսպանի պաշտոնում նշանակել մարդկանց, ովքեր նախկին պաշտոնյաներ են եղել և իշխանության վերնախավի ընկերներն են համարվում և իրենց չվիրավորելու համար նշանակում են դեսպաններ»:

Քաղաքագետի կարծիքով՝ թե այս օրերին, թե ընդհանրապես մեր դիվանագիտությունը կաղում է, իսկ դիվանագետները շատ դեպքերում տարրական բաներ չգիտեն, որոնք կարևոր են դիվանագիտության մեջ.«Մի քանի պատմական կարևոր դրվագների ծանոթանալով կարելի է ջարդուփշուր անել ադրբեջանական ամբողջ քարոզչությունը: Մեր դիվանագետները մինչև հիմա չեն կարող մեկ հարցով ապացուցել, որ օրինակ՝ Ղարաբաղը չէր կարող լինել օկուպացված հայերի կողմից, որովհետև գոնե 1989 թվականի մարդահամարի տվյալներով Արցախի բնակչության 76 տոկոսը հայեր են եղել: Կամ նույն այդ հանդիպումների ժամանակ կարելի է ադրբեջանցի դիվանագետներին հարցնել այն ապացույցների մասին, որոնց մասին հայտարարում են, թե ԼՂՀ-ն պատմական Ադրբեջանի մի մաս է եղել: Մեր դիվանագետները պետք է պահանջեն օրինակ՝ հռոմեական, հունական, պարսկական, արաբական աղբյուրներից ապացույցներ, որտեղ նշվի, որ մինչև ՔՀ 12-րդ դարը այստեղ ադրբեջանցի է ապրել. չկա այդպիսի բան: Այսպիսի հարցերով կարելի է ջախջախել ադրբեջանական ամբողջ հակահայ քարոզչությունը: Մեր դիվանագետները այս ամենի մասին ուղղակի չգիտեն և չեն էլ ուզում սովորել:

Ի՞նչ է նշանակում Վրաստանում ունենալ Յուրի Վարդանյանի նման դեսպանի: Յուրի Վարդանյանը փառահեղ սպորտսմեն է, բայց խայտառակ դիվանագետ, և նրան դեսպան նշանակելով, խայտառակեցին այդ մարդուն: Մարդ, որը չի կարող արտահայտվել, որը չի կարող հասկացնել՝ ինչ է ուզում ասել, խայտառակություն է: Մոսկվայում, Փարիզում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Թբիլիսիում և Թեհրանում Հայաստանի Հանրապետությունը պետք է ներկայացված լինի լուրջ դիվանագետների կողմից, որոնք իրոք դիվանագետներ են, այլ ոչ թե նախկին պաշտոնյաներ, կամ լեզվի ուսուցիչներ, որոնք տիրապետում են ասենք՝ անգլերենին»:

Գագիկ Համբարյանը նաև նշեց, որ Հայաստանի նման երկիրն իրավունք չունի ունենալ պաշտպանողական դիվանագիտություն, մենք պետք է նախահարձակ և նախաձեռնող լինենք և ստիպենք բոլորին պատասխանել մեր հարցերին:

Ինչ վերաբերում մեր է  կողմից իրականացված քարոզչության մեխանիզմներին և տարբեր երկրներում ԶԼՄ-ների հետ հայ դեսպանների կողմից իրականացվող աշխատանքներին՝ պարոն Համբարյանը հավելեց.«Ապրիլին Մոսկվայում մի գիտաժողովի էի մասնակցում, որին չորս ադրբեջանական հեռուստաընկերությունների աշխատակիցներ էին մասնակցում, և ինձ շատ հետաքրքիր է՝ մեր մի քանի հեռուստաընկերությունների սեփական թղթակիցները Մոսկվայում ինչով են զբաղված: Այս աշխատանքը պետք է կազմակերպեր մեր դեսպանատունը: Սա նաև մեր ԶԼՄ-ների թույլ աշխատանքն է ցույց տալիս, էլ ուր մնաց, որ մենք կարողանանք աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների հետ աշխատել: Եթե անհրաժեշտ է՝ մենք պետք է ինքներս հովանավորենք, որ իրենց սեփական թղթակցական կետերը բացեն Երևանում:

Պետք է շատ ակտիվ լինել, մենք 21-րդ դարում ենք ապրում, և եթե նախկինում ռազմական գործողություններով էր լուծվում պատերազմի ավարտը, ապա հիմա ընդհանուր ռազմական գործողություններով կարելի է լուծել պատերազմի ավարտի 40 տոկոսը, մյուս 30 տոկոսը դիվանագիտությունն է, իսկ այն մյուս 30 տոկսը քարոզչությունն է, ինֆորմացիոն պատերազմը: Եվ դա ոչ թե պետք է առանձին անհատներ անեն, այլ դա պետք է պետական ուղղվածություն ունենա, պետությունը պետք է հովանավորի, պետությունը պետք է նախաձեռնող լինի, և չպետք է ասել, որ փող չկա, իսկ ո՞վ է ասել՝ չկա: Փող կա, բայց չկա պետության համար ինչ որ բան անելու համար»: