ԵԽԽՎ անգլիացի և իտալացի պատվիրակներ Ջուզեպե Գալատին և Ալան Միլը ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ են ունենում ԱԺ խմբակցությունների հետ։ Ինչպես հայտնում է Araratnews.am-ի լրագրողը, քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի հետ հանդիպումը, թեպետ վերջինս նշեց, որ ինքը որպես Թևան Պողոսյան է նրանց հետ հանդիպել։ Ի դեպ, եվրոպացի պատվիրակներից հանդիպմանը մասնակցում էր միայն բրիտանացի Ալան Միլը, իտալացի պատվիրակը, ասացին, լավ չէր զգում իրեն, հոգնած էր, նոր էր իջել ինքնաթիռից, նաև կարևոր զանգ ուներ Հռոմ, մի խոսքով՝ խառն էր, գործեր ուներ, ուստի նախընտրել էր մնալ հյուրանոցում։
Հանդիպումից հետո Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԽԽՎ պատվիրակի հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումները, անդրադարձել են Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև Արցախի խնդրին վերաբերող հարցերին։ «Բայց պարտքս համարեցի անդրադառնալ նաև այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ժամանակին, մասնավորապես հունվարին, երբ զգուշացնում էինք, որ, եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք ունենան մատների արանքով նայելու իրավիճակներ, ապա միգուցե տարածաշրջանում իրենք ունենան տարբեր էսկալացիաներ և ավանտյուրաներ»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք հույս են հայտնել, որ իրենք այլևս այդպես մատների արանքով կամ հավասարության նշանով չեն անդրադառնա արցախյան խնդրին։ Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կարևոր միտք հնչեց հանդիպման ընթացքում ԵԽԽՎ պատվիրակի կողմից, որ կառանձնացնի պատգամավորը՝ Պողոսյանը նշեց.․ «Այն, որ ապագայում կփորձեն մի քիչ այլ տարբերակով Արցախի հարցին վերաբերվել։ Բայց դա մեկ մարդու խոսք էր, չգիտեմ՝ ապագայում ինչ կարող է լինել։ Առնվազն իր կողմից, իր գիտակցությամբ (անգլիացի պատվիրակին նկատի ունի- հեղ.) դա շատ ընկալելի էր, որ իրենք էլ են նույն կերպ ընկալում սխալների խնդիրները, և կփորձեն ապագայում դասեր քաղած անդրադառնալ այս հարցին»։ Իսկ թե հատկապես ո՞ր սխալների մասին է խոսքը՝ ասաց. «Օրինակ՝ ասենք, երբ փորձում էին բալանսավորված մոտեցում ցուցաբերել՝ Ուոլթերի զեկույցը հանեին, բայց Միլիցա Մարկովիչինը թողնեին։ Թվում էր, թե զեկույցն այդքան էլ կարևոր չի, բայց, փաստորեն, հասկացան, որ նույնիսկ այդ տեսակի խնդիրը կարող է նաև Ադրբեջանի համար փոքրիկ, բայց ինչ-որ նշանակություն ունենալ»,-ասաց նա։