Եվրամիությունը ձգտում է հասնել նրան, որպեսզի ԱՄՆ-ն երկկողմ ստեղծված ազատ առևտրի գոտու շրջանակներում սկսի գազ և նավթ մատակարարել Եվրոպային։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը։
Նա հաստատել է, որ նման դիրքորոշումը նաև պայմանավորված է Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված հարաբերություններով։ Ռուսաստանը համարվում է Եվրոպային էներգակիրներ մատակարարող հիմնական երկրերից մեկը։ Դե Գյուխտի կարծիքով՝ այս հարցում անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ համաձայնեցնել դիրքորոշումները։
Տեղեկացնենք, որ 1975 թվականից ԱՄՆ-ում գործում է նավթի արտահանման արգելք։ Ամերիկյան ընկերություններն օտարեկրյա պետություններին կարող են առաքել միայն քարածուխ, նավթի վերամշակման արդյունքում ստացված արտադրանք, այդ թվում՝ բենզին։