Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել մի բանաձևի, որով ԵՄ անդամ երկրների կառավարություններին կոչ է արվում երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պատգամավորները կարծում են, որ Մոսկվայի նկատմամբ վստահությունը կավելանա, եթե կատարվեն մինսկյան համաձայնագրերը: Հաղորդում է Reuters գործակալությունը:
Բանաձևով պատգամավորները պահանջում են Մոսկվայից վերանայել Ղրիմի հարցի վերաբերյալ դիրքորոշումը: «Եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում և չհրաժարվի Ղրիմի բռնակցումից, Եվրամիությունը պետք է ուժեղացնի պատժամիջոցները և քննարկի Ուկրաինային պաշտպանական և այլ տեսակի ռազմական օգնության ցուցաբերումը», — ասվում է հայտարարության մեջ: