Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Երևանի Հյուսիսային պողոտայում պաշտոնապես բացվեց Եվրոպայի հրապարակը:
Եվրոպայի հրապարակի բացմանն ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հիշեցրեց՝ Եվրոպայի հրապարակի բացումը նվիրված է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին, որը եվրոպական ճարտարապետության հիմնակունքն է: «Եվրոպայի խորհրդարանը տվեց երեք հիմնասյուների վրա խարսխված արժեհամակարգ: Եվրոպական արժեքների հիմքում մարդն է, նրա հիմնարար ազատությունները, արժանավայել ապրելու նրա իրավունքը: Մարդն է այս արժեհամակարգի առանցքը, իսկ ժողովրդավարությունը մարդակենտրոն արտացոլումն է, որը սկսվում է համայնքներից, անցնում քաղաքներով եւ հասնում պետություն: Հենց այս արժեքներից ելնելով է, որ Հայաստանը եվրոպական ուղղությամբ կառուցել է իր քաղաքականությունն ու հարաբերությունները»,- իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը:
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց՝ Եվրոպայի խորհուրդը մեծ դեր ունի ժողովրդավարության հասունացման եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար: