Եվրամիության վիճակագրական վարչությունն անցկացրել է ուսումնասիրություն և պարզել, որ Եվրոպայի ամեն հինգերորդ բնակիչը չի օգտվում համացանցից: Ընդ որում` նրանց տարիքը տատանվում է 16-74-ի միջև:
Այն հարցին, թե վերջին անգամ երբ եք օգտվել համացանցից, հարցվածների 18 տոկոսը պատասխանել է՝ երբեք: 2006 թվականին նման հարցման ժամանակ բացասական պատախան տվողների թիվը կազմում էր 43 տոկոս: Վերջին 8 տարիներին ամեն օր համացանցից օգտվող եվրոպացիների թիվն աճել է գրեթե երկու անգամ` մոտ 65 տոկոս: Հարցվածների 1/3-ն, այդուհանդերձ, ամեն օր չէ, որ մտնում է համացանց:
Եվրոպայում համացանցն ամենաշատ տարածումն ունի իսլանդացիների շրջանում: Այս երկրում միայն մեկ տոկոսը չգիտի, թե ինչ է համացանցը: Ընդ որում, հարցվածների 94 տոկոսն ամենօրյա ռեժիմով մտնում է համացանց: Շատ բարձր են ցուցանիշները նաև Նորվեգիայում, Դանիայում, Լյուքսեմբուրգում և Մեծ Բրիտանիայում:
Համացանցից ամենաքիչն օգտվում են Ռումինիայում: Համացանց ընդհանրապես չմտածների թիվը գերազանցում է 39 տոկոսը: