տուն Լուրեր Եվրոպացի փորձագետները ԵՊՀ-ում ներկայացրել են բուհական էթիկայի կանոնագրքերի վերաբերող նախագծեր

Եվրոպացի փորձագետները ԵՊՀ-ում ներկայացրել են բուհական էթիկայի կանոնագրքերի վերաբերող նախագծեր

100
0
ephԵրևանի պետական համալսարանում եվրոպացի փորձագետները փետրվարի 24-ին ներկայացրել են «Բուհերում դերակատարների էթիկայի կանոնագիրք» ու «Բարձրագույն կրթության ոլորտի էթիկայի կանոնագիրք կազմելու մասին ուղեցույցը» փաստաթղթերի նախագծերը:

Ինչպես տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հանդիպմանը, բացի համալսարանականներից, մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ բուհերի ռեկտորները:

Կարինե Հարությունյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերի ներկայացումն ակադեմիական հանրությանը և կոչ է արել բուհերին ավելի ակտիվ մասնակցել քննարկումներին, քանի որ բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման, էթիկայի և հակակոռուպցիոն կանոնակարգերի ներդրումը պարտադիր է:

Մինչ հիմնական զեկույցի հրապարակումը ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ներկայացրել է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում  բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրը, դրա նպատակները, ծրագրում ներառված բաղադրիչները, ինչպես նաև համակարգման գործընթացի հետ կապված որոշ մանրամասներ:

Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Լիանա Ամիրբեկյանն էլ նշել է, որ համալսարանականների հետ հանդիպումները, քննարկումներն ու առաջարկությունները մեծ նշանակության ունեն ծրագրի հետագա զարգացման համար:

Այնուհետև վերոնշյալ նախագծերը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Շոտլանդիայի արևմուտքի համալսարանի պրոֆեսոր, ծրագրիփորձագետ Յան Սմիթը:

«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Մայր բուհում: Շնորհակալ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել համագործակցելուծրագրի իրականացման շրջանակներում»,- ասել է պրոֆեսոր Սմիթը:

Պրոֆեսոր Յան Սմիթը բավականին մանրամասն ներկայացրել է նախագծի բաղադրիչները, նպատակները և ակնկալվող արդյունքները:

Էթիկայի կանոնագրքի փաստաթուղթը, ինչպես նաև ուղեցույցը հիմնականում կազմվել են Եվրոպայի խորհրդի կողմից կրթության ոլորտում էթիկայի, թափանցիկության և բարեվարքության համաեվրոպական հարթակ ստեղծելու փաստաթղթի հիման վրա (ԿԷԹԲ): Եվրոպայի խորհրդի այս կարևոր նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է 2015 թ. հոկտեմբերի 1-2-ին՝ Պրահայում տեղի ունեցած «Դեպի կրթության ոլորտում էթիկայի, թափանցիկության և բարեվարքության համաեվրոպական հարթակ» միջազգային համաժողովի ժամանակ:

Ելույթից հետո համալսարանականները և մյուս բուհերի ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել հյուրին:

Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդգծել է, որ ներկայացված փաստաթղթերը դեռևս մշակման փուլում են, և քննարկման յուրաքանչյուր մասնակից  դրանք ուսումնասիրելուց հետո կարող է գրավոր առաջարկներ ներկայացնել ԵԽ հայաստանյան գրասենյակ: