Փարիզյան ահաբեկչություններից հետո Եվրո-2016-ի անվտանգության ծախսերը հասել են 45 միլիոն եվրոյի: Հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք մրցաշարի մասնակիցների, երկրպագուների անվտանգությունն ու ընդհանուր հասարակական կարգը մեկ ամիս կապահովի 77 հազար ոստիկան, հատուկ ծառայությունների 13 հազար գործակալ քաղաքացիական հագուստով, ներքին զորքերի 10 հազար ծառայող, գրում է cnbc-ն: Կազմակերպիչներն իրավունք են վերապահել ֆուտբոլիստների եւ երկրպագուների կյանքին հնարավոր ամենաչնչին վտանգի դեպքում դադարեցնել հանդիպումները:
Ստադիոնների եւ ֆան-գոտիների շուրջ կլինի հսկողության կրկնակի համակարգ: Երկրպագուները կանցնեն նախնական ստուգում՝ արգելված իրեր հայտնաբերելու նպատակով, հետո մետաղաորսիչ սարք, նոր միայն տոմսերի ստուգում: Մեկ ամսում Ֆրանսիա կայցելի մոտ 2.5 միլիոն ֆուտբոլասեր:
Կազմակերպիչների համար լրացուցիչ գլխացավանք կդառնան Ֆրանսիայի երկաթուղային եւ օդային տրանսպորտի աշխատակիցների գործադուլները, որոնք ուղղված են աշխատանքային շաբաթը 35 ժամից 46 ժամ դարձնելու դեմ: