Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը չի տա կախարդական միջոցներ, սակայն կօգնի հաղթահարել խնդրահարույց հարցերը, ТАСС-ի փոխանցմամբ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, ինտեգրացիոն միավորումներում, առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությունում մեր փոխգործակցությունից ոչ մի կախարդական միջոցներ չենք ակնկալում, սակայն, անկասկած, դա կօգնի մեզ հաղթահարել ընթացիկ դժվարությունները։ Դրանում ես ընդհանրապես կասկած չունեմ»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Ղազախստանը Ռուսաստանի «ամենամոտ գործընկերն է և ամենահուսալի դաշնակիցը», որի հետ շատ լավ տնտեսական հարաբերություններ են հաստատվել:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 31-ին, Աստանայում անցկացվում է ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: