տուն Լուրեր Եթե տարածք տրվի` պատերազմ կսկսվի. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

Եթե տարածք տրվի` պատերազմ կսկսվի. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

98
0

98

Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխնախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի կարծիքով` եթե Արցախում տարածք հանձնվի, ապա պատերազմն անխուսափելի է լինելու: Yerkir.am-ի հետ զրույցում,  խոսելով ԼՂ հարցի շուրջ ստեղծված ռազմական ու քաղաքական իրավիճակի մասին, նա նախ նշեց, որ ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում Ադրբեջանը Հայաստանի կողմից համարժեք պատասխան ստացավ:

«Ցավոք, վերջին օրերին արյուն թափվեց, ինձ՝ որպես ոչ ռազմական գործչի, որևէ բան չի կարող սփոփել, երբ երիտասարդի կյանքն է վտանգված: Գիտեք, ես շատ զարմացած եմ, որ ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի ֆորումն այս տարի գումարվում է Բաքվում: Սպանել են, մարդիկ են սպանել»,- ասաց Զինուրովը:

Ռուսաստանցի պատգամավորը նշեց, որ այս իրադարձությունների հորձանուտում հայերի ակնկալիքները դաշնակից պետություն Ռուսաստանից չարդարացան: Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը  իրեն դաշնակից պետության պես չպահեց, Զինուրովը խուսափեց պատասխանել` մեջբերելով միայն ՌԴ նախագահ Պուտինի տեսակետը, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով` առանց զենքի կիրառման:

«Իսկ մնացածը, նկատի ունեմ զենքի վաճառքը, շատ սուր քաղաքական հարց է, ու ես չէի ցանկանա մտնել դրա մեջ: Առաջին հերթին զենքի վաճառքը միջազգային երևույթ է, այն բնորոշ չէ միայն Ռուսաստանին: Ցավոք, բոլորը զենք են վաճառում, զենք են գնում: Հասկանո՞ւմ եք, իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը չի կարող կողմերից մեկի օգտին հանդես գալ, դրա համար փորձում է ավելի չեզոք դիրք գրավել: Միայն փաստը, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ անդամ պետություն է, զսպող հանգամանք է դառնում սուր հայտարարություններ հնչեցնելու համար»,- ասաց Ռաֆայիլ Զինուրովը:

Նա միաժամանակ կարծում է, որ ռուս-հայկական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացնում են երբեմն: Ըստ ՌԴ պատգամավորի` Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, միակ դաշնակիցը հետխորհրդային պետությունների շարքում: Ամեն դեպքում` հայերը կարող են վստահ լինել, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արյուն չթափվի, պատերազմ չլինի:

Մանրամասները՝  Yerkir.am-ում: