տուն Լուրեր Եթե «սելավ» եղավ, ապա բախում չի լինի

Եթե «սելավ» եղավ, ապա բախում չի լինի

84
0

cuyc

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու պահանջով, քաղաքացիական անհնազանդությամբ իշխանափոխության հասնելու և լեգիտիմ իշխանություն ձևավորելու կոչերով այսօր արդեն երկրորդ օրն է՝ Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  նստացույցը: Շարժման կողմից հայտարարված շուրջօրյա նստացույցերի մեկնարկը տրված է, բայց գործողությունների հստակ ծրագիրը դեռևս տեսանելի չէ: Չնայած շտաբի ղեկավարները միաձայն պնդում են՝ իշխանափոխության հասնելու իրենց ձգտումը շատ մոտ է իրականության: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում նշեց՝ սահմանադրական հանրաքվեն կասեցված է, քանի որ ներկա դրությամբ այն ոչ ոքի չի հետաքրքրում:

«Պրոցեսներ  են գնում, դժվար է ասել 3 օր, 4, թե մի շաբաթ կտևեն: Ժամկետներ ասելը դժվար է, մենք ժամկետ չենք դրել: Իրականում սահմանադրական հանրաքվեն կասեցված է, Սահմանադրության մասին այսօր ոչ ոք չի խոսում: Սերժ Սարգսյանի համար լավագույն լուծումը կլինի նաև դե յուրե կասեցումը: Իհարկե, ինքը մի քիչ կկոմպլեքսավորվի, բայց Սերժի և երկրի համար լավագույն լուծումն է ցնցումներից խուսափելու համար»,- ասաց պարոն Մակեյանը:

Մեր հարցին՝ քաղաքացիական անհնազանդության կոչեր են արվում, բայց չենք տեսնում անհնազանդության որևէ դրսևորում, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահն ասաց. «Դասական առումով քաղաքացիական անհնազանդության տարրեր դեռ չեն սկսվել. դասադուլ, գործադուլ, հարկեր չմուծել և այլն, այս ամենը դեռևս չկա, բայց կսկսվի»:

Նա համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունը ևս աստիճանաբար կմտնի օրենքի դաշտ:

«Այս ապօրինի դաշտից դուրս կգան ժողովրդական ճնշման արդյունքում, սելավից վախենալով հետ կքաշվեն: Մենք ասում ենք, եթե սելավ եղավ, ապա բախում չի լինի, հակառակ դեպքում՝ կլին: Ժողովուրդը պետք է գա, ՝որ մենք խուսափենք բախումից»,- նշեց Պետրոս Մակեյանը:

Ինչ վերաբերում է հնարավոր հիասթափություններին, նա  ասաց՝ վերջին 2-3 տարիների ընթացքում եղել են գործընթացներ, որոնք ուղղորդվել են իշխանության կողմից, վառ օրինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

«Հիմա ինչ անենք, ոչ մի քայլ չձեռնարկենք, որ ժողովուրդն էլ չհիասթափվի՞»,- այս հռետորական հարցադրմամբ խոսքն ավարտեց քաղաքական գործիչը: