«Ինձ չեն կարող կանչել որեւէ տեղ, որտեղ ես ինքս չեմ գնա: Պարոն Շարմազանովը պետք է ներողություն հայցի ինձանից»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս գալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սենյակից:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Տիգրան Ուրիխանյանը ելույթ էր ունեցել եւ արել արտահայտություններ, հայհոյել Ստյոպա Սաֆարյանին, որոնց ի պատասխան Շարմազանովն ասել էր, թե Տիգրան Ուրիխանյանը ճիշտ է արել, որ հրաժարական է տվել, քանի որ նրա նմանների տեղը ախոռն է:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անհրաժեշտություն է տեսնում վերանայել իր քաղաքական պայքարը, եւ դրան նոր շունչ հաղորդել, որպեսզի ժողովրդի կյանքը կործանողներից ազատվի: «Մնացած բոլոր խոսակցություններն այլ հարթության մեջ են, ինչ վերաբերում է Շարմազանովին, ապա մնացած հարցերը ուղղեք նրան»,- ասաց Ուրիխանյանը, չպատասխանելով հարցին, թե պնդելո՞ւ է իր դիմումը, որով հրաժարական էր ներկայացրել:
Ուրիխանյանը նշեց, թե անձնական վիրավորանքը պետք է պախարակվի, եւ դատապարտվի: «Եթե այդ վիրավորանքները ուղղորդվում են իշխանական որոշ շրջանակներից, ապա նրանք դրա համար պետք է կրեն պատասխանատվություն: Ես ուրախ եմ, որ նրանք նյարդայնացած են, ստանալով համարժեք պատասխա»,- ասաց նա:
Իսկ Էդուարդ Շարմազամովը լրագրողների հետ զրույցում ասաց, թե որեւէ պատգամավորի, այդ թվում եւ Տիգրան Ուրիխանյանի հետ որեւէ անձնական խնդիր չունի, եւ իր երեկվա ձեւակերպումները եղել են բացառապես երեւույթի վերաբերյալ: Շարմազանովը կրկնեց, որ Տիգրան Ուրիխանյանին չի վիրավորել, եւ վիրավորելու նպատակ չի ունեցել, իսկ եթե պատգամավորը վիրավորվել է՝ խորապես ափսոսում է:
Ըստ Շարմազանովի՝ ինքը խորհրդարանում խաղաղության աղավնու դերում է:
Փայլակ Ֆահրադյան