տուն Լուրեր Եթե պարզվի՝ Ջերմուկի ու Սևանի համար ռիսկեր կան, Ամուլսարն ընդհանրապես կփակվի

Եթե պարզվի՝ Ջերմուկի ու Սևանի համար ռիսկեր կան, Ամուլսարն ընդհանրապես կփակվի

86
0

Այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մամուլում հրապարակվող այն տեղեկություններին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան:

«Մամուլում այդպիսի ընկալում կա՝ վա՛յ, Լիդիանը դիմում է արբիտրաժային միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի: Հա, դիմում ա, դիմում, թող դիմի: Ի դեպ, շատ միջազգային ակտորներ կան, որ այդպես խոսում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան, ու սենց ուշադիր նայում են ու որ տեսնում են՝ չենք ուշաթափվում էդ նախադասությունից, իրենք են սկսում ճնշել՝ ո՛նց, էդ դուք մեզնից չե՞ք վախում: Չէ՛, չենք վախում: Էդ դուք մեզնից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ բյուջեից 300 հազար դոլար են հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավեն՝ տեղում փորձաքննություն իրականացնելու համար:

«Այդ փորձաքննությունը պետք է մեկ հարցի պատասխան տա՝ արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի՞ են, թե՞ ոչ: Այսինքն՝ ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ու Սևանի ջրային համակարգի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի»,- հայտարարեց վարչապետը:

Փորձաքննություն կատարելու անհրաժեշտություն, ըստ վարչապետի, առաջացել է, քանի որ ներկայումս գոյություն ունեցող շրջակա միջավայրի ազդեցության գնահատականում համակարգը ունի բացեր, կան խոցելի տեղեր: