Ազգային Ժողովում ընթանում են խորհրդարանական լսումներˋ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հետ կապված:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ՀԷՑ-ը կորուստները նվազեցնելու պարտավորություն ունի՞, թե ոչ, ինչքա՞ն ներդրում են արել, որ կորուստները նվազեն. «Դուք ՀԷՑ-ի մասին ծանր պատկեր եք ներկայացնում, որը Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունն է։ Եթե մի օր վեր կենաք ու տեսնեք` էդ ընկերությունը չկա, կներեք բառիս համար, գմփացել է, ի՞նչ ենք անելու»:
«Խոստանում եմ Ձեզˋ չի գմփա»,- վստահեցրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ինչ վերաբերում է կորուստները նվազեցնելուն, պարոն Նազարյանն ասաց, որ իրենք շահագրգռված չեն կորուստները նվազեցնել, խոսքը վերաբերում է տեխնոլոգիապես անխուսափելի կորուստներին:
«Եթե կորուստները նվազեցնի, պետք է լրջագույն ներդրումներ կատարի, իսկ եթե նվազեցնելու համար իրենց ընդառաջ գնանք, ապա պետք է գնահատենք` ինչ բեռ է դա բերելու և ինչ ենք շահելու»,- ասաց Ռոբերտ Նազարյանն ու նկատեց` կշեռքի նժարին պետք է դրվեն այս երկու հարցը: