տուն Լուրեր Եթե մենք ունենք հայատառ ստեղնաշար, ապա ինչո՞ւ այն չենք օգտագործում. Ռուբեն Թարումյան

Եթե մենք ունենք հայատառ ստեղնաշար, ապա ինչո՞ւ այն չենք օգտագործում. Ռուբեն Թարումյան

205
0

թարումյան

Համացանցում հայատառ գրառումներ կատարելու խնդիրը արդիական դարձավ 80-ականներից, մինչդեռ դրա շուրջ լուրջ աշխատանքներ սկսեցին տարվել վերջին տարիներին:

«Խորհրդային տարիներին այդպիսի փորձերի անցկացելու հարց չէր էլ դրվում: Վերջին տարիներին ADMpc համակարգը հեղեղեց շուկան, որից հետո հայատառ համակարգի ներմուծումը հրատապ խնդիր դարձավ: Այստեղ մի շարք էլեկտրոնային խնդիրներ ավելացան, հարց առաջացավ, թե ի՞նչ թվային անուններով համակարգչում պետք է ներմուծվեն հայկական տառերը: Պաշտոնական հաստատում չունենալու պատճառով՝ դա բերեց նրան, որ մենք 23 տասնամյակ հետ մնացինք այդ գործընթացներից և աշխարհում ստեղծվող մի շարք համակարգեր սկսեցին արտադրվել՝ առանց հայկական տառերը հաշվի առնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հայկական տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանը:

Վերջինս նշեց, որ վերջին տարիներին վիճակը որոշ առումով շտկվել է: Հայերեն գրելու վերաբերյալ խնդիրները լուծվել են, բայց դեռևս կան մի քանի կարևոր խնդիրներ, որոնց լուծումը գտնել դեռ չի հաջողվում: Բանախոսը դրանցից հատկապես առանձնացրեց թարգմանչական գործիքների կարևորությունը:  Ըստ Թարումյանի՝ այս խնդիրները կարելի է լուծել, եթե շատ օղակներ, այդ թվում և պետական մարմինները ավելի մեծ հետաքրքրություն և աջակցություն ցուցաբերեն այս հարցի շուրջ:

Հաջորդ խնդիրը, որն առանձնացրեց Թարումյանը՝ առկա հայատառ ստեղնաշարի անտեսումն է. «Եթե մենք ունենք հայատառ ստեղնաշար, ապա ինչո՞ւ ենք այն օգտագործելու փոխարեն օգտագործում լատինատառ կամ ռուսատառ ստեղնաշար»,-նկատեց նա:

Հանդիպման հաջորդ բանախոս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ԻՍՄԱ ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանի դիտարկմամբ էլ համացանցն այսօր մի շարք տիրույթներում հնարավորություն է ընձեռում օգտվել հայերենով:

«Մենք ունենք ինտերնետային  հայերեն  բառարաններ և շուտով դրանք հնարավոր կլինի նաև ներբեռնել  բջջայիններում: Ինչ վերաբերում է համացանցում մեր ունեցած խնդիրներին, ես հատկապես կարևորում եմ Վիքիպեդիաների առկայությունը: Այսօր հայատառ Վիքիպեդիան չի վերահսկվում: Այս դաշտը լրացնում է մոտ 100-200 մարդ և անգամ 8-րդ դասարանցի երեխան հնարավորություն ունի այնտեղ գրառումներ կատարելու, մինչդեռ եթե համակարգում ավելի շատ մարդ ներգրավված լիներ, սա թույլ կտար քննարկումներ անցկացնել և որոշել թե Վիքիպեդիայում տեղ գտած նյութերում որն արժե թողնել, որը խմբագրել: Սա մեծ խնդիր է, որը պետք է լուծվի առաջիկայում»,-եզարափակեց բանբախոսը:

 

Վարդուհի Ստեփանյան