Օգոստոսի 23-ին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր մասնակցությամբ ավտովթարի կապակցությամբ կրկին քրգործ հարուցվեց։ Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել պատգամավոր հետ՝ դեպքի առթիվ որոշ մանրամասներ ճշտելու համար, մասնավորապես՝ արդեն նրա եղբայրը հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ։ Մինչդեռ վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, ասելով, որ մեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները կգտնենք նրա տարածած հայտարարության մեջ, մինչդեռ, ցավոք, հայտարարությանը ծանոթանալուց հետո մեզ հուզող և ոչ մի հարցի պատասխանն այնտեղ չգտանք:
Ահա Կարեն Ավագյանի հայտարարությունը տեղի ունեցած ավտովթարի մասին.
«Ոչ ոք ապահովագրված չէ վթարներից։ Այն, ինչ կատարվեց մեր ընտանիքի և Էդգար Սնխչյանի հետ, շատ ցավալի է։ Փառք Տիրոջը, որ անդառնալի ոչինչ տեղի չունեցավ։ Վթարից անմիջապես հետո եղբայրս և մեր հարազատները գրեթե 24-ժամյա ռեժիմով հերթապահել են տուժող Էդգար Սնխչյանի և նրա հարազատների կողքին, հոգացել առողջության հետ կապված բոլոր խնդիրները։ Կատարվել են բոլոր հետազոտությունները, տուժողը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը։ Դրանց մասին են վկայում բժշկական բոլոր փաստաթղթերը։ Դրանք փաստեր են, որոնք ստուգելը դժվար չէ», — հայտարարել է Ավագյանը։
Հիշեցնենք, Էդգար Սնխչայնը կասկախծներ էր հայտնել, որ մոտ մեկ ամիս առաջ իրեն վթարի ենթարկած ավտոմեքենայի ղեկին եղել է ոչ թե ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը, այլ հենց ինքը պատգամավորը, և վերջինիս մեղադրում էր գործը կոծկել փորձելու մեջ։ Էդգարը նաև ասել էր, որ իր հարազատներին ՀՀԿ-ական պատգամավորն ու եղբայրը օգնելու խոստումներ են տվել, սակայն բողոքարկման ժամկետի ավարտից հետո չի հաջողվում կապ հաստատել նրանց հետ:
ՀՀԿ-ական պատգամավորն իր հայտարարությունում նշել է, որ իրեց համար անհասկանալի է դարձել Էդգար Սնխչյանի պահվածքը դեպքից արդեն մեկ ամիս անց։ «Մեզ զարմացրել է այն, որ մարդիկ սեփական կյանքն ու առողջությունը դարձնում են առևտրի առարկա։ Տուժողի մտքով անցել են մեծ գումարներ՝ իբրև թե աշխարհի առաջնակարգ կլինիկաներից մեկում ստուգվելու, արտասահմանյան առաջատար հիվանդանոցներում բուժվելու համար, այն դեպքում երբ արտասահմանում հետազոտվելու կամ բուժվելու որևէ բժշկական ցուցում չկա։ Դրա վառ վկայությունն էլ այն է, որ տուժողը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մինչև դատախազություն դիմելու պահը որևէ բուժհաստատություն չի դիմել», — հայտարարում է Ավագյանը՝ հավելելով. — «Տեղեկացնեմ, որ մեր ընտանիքը ոչ միայն չունի նման աստղաբաշխական գումարներ, այլև երբեք չի օգտվել արտասահմանում հետազոտվելու, բուժվելու հնարավորությունից։ Մենք մեզ անհրաժեշտ բուժսպասարկումը ստացել ենք Հայաստանի առողջապահական համակարգում։ Մենք այժմ էլ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ՀՀ սահմաններում հոգալ Էդգար Սնխչյանի առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, եթե այդ խնդիրներն ավտովթարի հետևանք են»։
Ավագյանը նաև հայտարարել է, որ թույլ չի տալու իր հետ խոսել «շանտաժի լեզվով»։ «Եթե մարդկանց վառ երևակայության արդյունքում ինչ-ինչ ցանկություններ են առաջանում և փորձում են ինձ սադրել՝ գումար շորթելու նպատակով, ապա կարող եմ միայն կարեկցել նրանց։ Ու չեմ ուզում հրապարակել փաստեր, որոնք էթիկայի սահմաններից դուրս են։ Ես չեմ ցանկանում զրկել Էդգարին հետագայում մարդկային դեմքով հանդես գալու հնարավորությունից։ Առողջություն Էդգարին», — հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը։
Լուսանկարըˋ Ֆոտոլուրի: