Ըստ մեր աղբյուրների` կա որոշում, որ Հյուսիսային պողոտայի վերակառուցման ծրագրի շրջանակներում այնտեղ պետք է տեղադրվեն արձաններ: Դեռևս հայտնի չէ, թե ում աշխատանքները կլինեն դրանք, բայց քաղաքի բնակիչների, այցելուների ու զբոսաշրջիկների համար ցանկալի կլիներ, իհարկե, որպեսզի քաղաքի կենտրոնական հատվածում լինեին հենց հայ քանդակագործների աշխատանքները: Ինչպես հայտնի է` շատ զբոսաշրջիկների հենց դա էլ գրավում է` ազգային մշակույթը:
Հարցի շուրջ Araratnews.am-ին իր կարծիքն է հայտնել մշակութաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով` նախընտրելի է նույն Կասկադի արձանների փոխարեն տեսնել ազգային տարրեր հիշեցնող արձաններ: Իհարկե, Հյուսիսային պողոտայի դեպքում, շատ հարցեր կան` տեղին համապատասխանեցնել, չափը որոշել և այլն, բայց դրանք, ինչպես նշում է մշակութաբանը, լուծելի հարցեր են:
«Եթե Կասկադի անհայտ ծագման գել-գազանների փոխարեն լինեին ազգային կերպարներ, ազգի պատմության ինչ-որ դրվագներ հիշեցնող՝ շատ ավելի լավ կլիներ: Այս իմաստով, իհարկե, կողմ եմ, որ հայ քանդակագործների աշխատանքներ լինեին: Մնացած լուծումները` տեղը, համաչափությունը, ընդհանուր մասշտաբների հետ ճշտվելը, մասնագետներն ու ճարտարապետներն իրենք կարող են լուծել»,- ասում է նա: