Սյունիքի մարզի սահմանային Եղվարդ գյուղում, ուր ապրում է 320 բնակիչ, այսօր կան բազմաթիվ խնդիրներ:
Բնակիչներն ասում են, որ իրենք սահմանային գյուղ են, և պետությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի իրենց:
«Թող դպրոցը սարքեն, մանկապարտեզ կառուցեն, ճանապարհները սարքեն, էլ չենք ասում ոռոգման ջուրը, որ չկա, ու ինչ ցանում ենք՝ չորանում է»,-ասում են բնակիչները:
Եղվարդցիներից մեկը ցույց է տալիս իր չորացած այգին ու ասում, որ ջուր չունենալու հետևանքով ոչ մի բանջարեղեն չի աճել, ստիպված գնում առնում են:
«Եթե ջուր լինի, գյուղացին կաշխատի, հողը կմշակի: Փակ դռներ շատ կան գյուղում, բնակիչները կամ գնում են Երևան, կամ Ռուսաստան, կամ Ղափան»,-ասում է 38-ամյա բնակիչը:
Նշենք, որ գյուղում ամռան ամիսներին խմելու և ոռոգման ջուրը գալիս է 4 օրը մեկ՝ ընդամենը կես ժամով:
Այսօր գյուղը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև, թեև Ղարբաղյան պատերազմին ամբողջ գյուղը ոտքի է կանգնել ու պաշտպանել իր հողը:
Բնակիչներից մեկը պատմում է, որ իր մայրը 31 տարեկանում մահացել է, երբ գրադը ընկել է տան վրա, իսկ եղբայրը կուրացել է, աչքերը վնասվելուց հետո:
«Հիմա, որ սահմանային դեպքեր են լինում, լարվածությունը մեծանում է, ես չեմ կարողանում հանգիստ քնել: Օգոստոսի վերջին դեպքերին մի երեք օր չեմ քնել, մանավանդ գյուղում լուր էր ընկել, որ մի անծանոթ մարդ է հայտնվել ու թուրք է »,-պատմում է Եղվարդի բնակչուհին: