տուն Լուրեր Եթե հդմ-ները մենք տալիս ենք, էլ ի՞նչ փաստաթուղթ. ՓՄՁ-ները շահութահարկի մասին

Եթե հդմ-ները մենք տալիս ենք, էլ ի՞նչ փաստաթուղթ. ՓՄՁ-ները շահութահարկի մասին

122
0

HDM

«Մենք գնահատական չենք ուզում տալ կատարվածին, բավարար հիմքեր չունենալու դեպքում միայն կարող ենք դա անել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Նորիկ Սահակյանը՝ «Հայ արտադրողների զարգացման կենտրոն» ՀԿ նախագահը: «Հասարակական կազմակերպությունները ջերմորեն իրար հետ համագործակցում են: Մենք հիմա նախագիծ ենք կազմել ու լուծումներ ենք առաջարկում: Բոլոր 6 խմբակցություններից ներկայացուցիչներ եղել են երեկվա ցույցին: Կուսակցության ներկայացուցիչները ևս դեմ էին այս նախաձեռնությանը»:

Գրասենյակում աշխատողները չգիտեն, թե ինչպիսին է կրպակում աշխատողի վիճակը, հայտնեցին բանախոսները: «Մենք չենք ուզում գրասենյակային քննարկումներ անել: Թող դուրս գան ու մեր հետ դուրսը խոսեն: Մարդկանց լսել է պետք, ոչ մի գրասենյակում աշխատող չգիտի, թե ինչպես է աշխատում կրպակում սառը բետոնի վրա կանգնած աշխատակիցը»:

«Պետությունից միայն լսում ենք, թե փող չկա, գումար չկա, բա ինչո՞ւ չեն թողնում մենք աշխատենք»,- նշեց Նորիկ Սահակյանը: «Մենք մեր կազմած գրավոր նախագիծը ներկայացրել ենք կառավարությանը: Իրենցից պահանջում ենք մի բան, որ իրենց ներկայացուցիչները գան ու լսեն մեր ասելիքը: Ասում են՝ բյուջեն դատարկ է, քիչ է: Բայց չէ՞ որ բյուջեն լցվում է մեր հարկերով: Թող թողնեն մենք աշխատենք, ու հարկերը տանք: Չէ որ իշխանությունները մեր տված հարկերից են աշխատավարձեր ստանում»:

Այն հարցին, թե որևէ կուսակցություն կա իրենց հետևում կանգնած բանախոսները բացասական պատասխան տվեցին: «Ճիշտ է, մենք դիմել ենք կուսակցություններին, սակայն, դա չի նշանակում, որ սա որևէ կուսակցության նախաձեռնությունն է: Սրա հեղինակը մենք ենք: Մենք պայքարում ենք մեր մի կտոր հացի համար: Իսկ կուսակցությունները եթե կարողանան մեզ օգնել, մենք միայն ուրախ կլինենք: Առևտրականները երբեք այսքան միասնական չեն եղել, ինչպես որ հիմա: Սա իրենց օրվա հացի կռիվն է: Իշխանությունները հիմա ամեն տեղ մի կեղտ են փնտրում, որ ավելի շատ հարկ վերցնեն: Եթե հդմ-ները մենք տալիս ենք, էլ ի՞նչ փաստաթուղթ»: