«Հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի զարգացումմները կախված են լինելու նրանից, թե ինչ ակտիվությամբ կմասնակցեն մեր քաղաքացիները, ամեն ինչ գտնվում է հասարակության ձեռքում: Հասարակությունը պետք է ուղղորդի` իր մասնակցությամբ, իր բացականչություններով, իր էներգետիկայով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանի խոսքով` քաղաքացիներին այժմ չեն հուզում ո´չ սահմանադրական բարեփոխումները, ոչ տասներկու կետերը. «Քաղաքացիներին միայն մի բան է հուզում` երբ ենք միասին ելնելու պայքարի` այս իշխանություններին հեռացնելու համար: Կարծես թե կա նմամ շանս. երեք ազդեցիկ քաղաքական ուժեր միասին հանրահավաք են անցկացնելու, հասարակությանը մնում է միան մի բան` մասնակցեն ու ներկայացնեն իրենց պահանջները: Եթե անգամ մենք շեղվենք քաղաքական ուղուց իրենք հրապարակում ցույց տան, թե որ ուղղությամբ մենք պետք է գնանք»,- ընդգծեց բանախոսը:
Լրագրողների այն հարցին, թե այդպես պատասխանատվությունը չի՞ տեղափոխվում քաղաքացների վրա, Արմեն Մարտիրոսյանն ասաց` ո´չ. «Քաղաքացին պահանջել է պայքար, միասնություն, մենք որոշակիորեն դա տալիս ենք, եթե իրենք բավարար ակտիվություն ցուցաբերեն, արմատական փոփոխությունների սկիզբը կհամարվի դրված»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` հավելով, որ այդ դեպքում կդրվի նաև այն գործընաթցի սկիզբը, որը կարճ ժամանակ հետո կբերի նոր իշխանության: Araratnews.am-ի հարցին, թե ինչ կլինի եթե քաղաքացիներն իրենց ակնկալած ակտիվությունը չցուցաբերեն, բանախոսը պատասխանեց` շատ վատ:
Անդրադառնալով հանրահավաքի հետ կապված եռյակի կոնկրետ գործողություններին` «Ժառանգության» փոխնախագահը նշեց` կոնկրետ գործողություններ դեռ չկան, բայց ցանկացած դեպքում իրենք առանց կոնկրետ գործողությունների չեն գնա հանրահավաքի:
Շողիկ Գալստյան