տուն Լուրեր Եթե Ընտրական օրենսգիրքը ընդունվի էլ՝ առանց քաղաքական կոնսենսուսի է ընդունվելու

Եթե Ընտրական օրենսգիրքը ընդունվի էլ՝ առանց քաղաքական կոնսենսուսի է ընդունվելու

78
0

Հիմա մեր այսօրվա իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում՝ իրենք ի՞նչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգիրք: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Ընտրական օրենսգիրքը խոշոր փոփոխություններով եթե ընդունվի էլ՝ առանց քաղաքական կոնսենսուսի է ընդունվելու, և կստացվի, որ հակասում է ժողովրդավարության դասական կանոններին: Այսօր մենք դա չենք զգում երևի թե, բոլորն ուրախ են, երջանիկ են, հետհեղափոխական էյֆորիա է, վարչապետը լայվ կմտնի, նորից մի բան կդզի, կանցնի, կգնա, բայց դա հարցն ուղղելո՞ւ է, դզելո՞ւ է հարցը»,- նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ կան ժողովրդավարության կանոններ, ինչպես կան ֆիզիկայի, քիմիայի օրենքներ, որոնք չեն խախտվում. «Ոչ մի թավշյա իշխանափոխություն և ոչ մի Եվրոպայի խորհրդի անդամ երկրում չի կարող փոխել եվրոպական դասական ժողովրդավարության կանոնը, ինչքան ուզում է Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը գնա մտնի լայվ, դա չի փոխվելու»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն դե՞մ է լինելու Ընտրական օրենսգրքի ընդունման հարցում քաղաքական կոնսենսուսին, նա նշեց, որ իրենց խմբակցությունը իր տեսակետը կարտահայտի: