ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը դեմ է, որ Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրվի սահմանամերձ բնակավայրերից մեկին: Երգչուհու այս տեսակետը, սակայն, չեն կիսում նրա գործընկերներ Մկրտիչ Մկրտչյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո):
Մկրտչյանը Araratnews.am-ի հետ զրույցում ողջունում է քաղաքացիների նախաձեռնությունն ու ասում. «Ցանկացած մեկը, եթե հանդիպի սահմանում ապրող մարդկանց հետ, ապա չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Եթե ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է, ապա մյուսներն ամեն միջոց տրամադրում են այդ մարդու առողջական վիճակը վերականգնելու համար»:
Արսեն Գրիգորյանն էլ նշեց, որ պետք չէ խեղճանալ և տոներ չանցկացնել, բայց նախաձեռնությանն ամեն դեպքում կողմ է. «Սահմանամերձ բնակավայրերը մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ թե միայն տոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում: Սահմանապահ մեր ժողովրդի հանդեպ պետք է ունենալ թե´ հասարակական, թե´ պետական վերաբերմունք»: