Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Թեեւ Սահակ Մինասյանը ՇՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարական է տվել, սակայն շարունակում է գալ համալսարան: Ավելին՝ տեղեկություններ կան, որ Սահակ Մինասյանը ցանկանում է 2 ամիս հետո նորից ստանձնել ռեկտորի պաշտոնը:
Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը Araratnews.am-ի հետ զրույցում ԲՈՒՀ-ում ստեղծված իրավիճակը աբսուրդ է համարում. «Ի սկզբանե աբսուրդ էր Երվանդ Սերոբյանին նշանակել համալսարանի ռեկտորի պաշտոնակատար այն դեպքում, երբ պրն Սերոբյանն ամեն ինչով պարտական է Սահակ Մինասյանին: Սերոբյանին նշանակելու համար անգամ ԲՈՒՀ-ի կանոնադրությունը փոխեց Սահակ Մինասյանը, որովհետեւ Երվանդ Սերոբյանը աշխատանքային 5 տարվա ստաժ չուներ»:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը չպետք է Երվանդ Սերոբյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր. «Նա արեց այն, որը Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց ՀՀԿ-ին անել, այսինքն՝ Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ: Արայիկ Հարությունյանը, երբ եկել էր Շիրակի պետական համալսարան, հանձնարարել էր արագ վերականգնել աշխատանքից հեռացված դասախոսներին՝ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին, այսինքն՝ նորից ընդունել աշխատանքի: Մինչդեռ, Երվանդ Սերոբյանը հայտարարում է, որ մենք պետք է դատարանով վերականգնենք մեր իրավունքը: Այդ դատական պրոցեսը կարող է տեւել մեկ տարի ու ավելի: Այդ ժամանակ ո՞վ է մեր ընտանիքը պահելու»:
Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Գագիկ Համբարյանին ուշագրավ մի խոսք է ասել. «Եթե ես ձեզ ընդունեմ աշխատանքի, մյուս կողմը կնեղանա: Իսկ ո՞վ է մյուս կողմը: Եթե մյուս կողմն արդեն լքել է, ո՞ւմ նկատի ուներ Երվանդ Սերոբյանը: Կամ եթե Երվանդ Սերոբյանն անկախ է, ինչո՞ւ է աշխատանքից ազատում ուսխորհրդի նախագահին, որը եւս դեմ էր Սահակ Մինասյանին»:
Գագիկ Համբարյանն ասաց, որ իրենց աշխատանքային իրավունքի համար դատարան չեն դիմելու: «Մենք այն մասնագետներն ենք, որ Գյումրիում գործ գտնելը դժվար է: Աշխատանքի վերականգնվելուց հետո կդիմենք դատարան, որ մարդիկ իմանան՝ ինչ են իրենցից ներկայացնում Սահակ Մինասյանն ու իր ֆան ակումբը»,- ավարտեց իր խոսքը Գագիկ Հաբարյանը:
Հ.Գ. Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը արձագանքել է Գագիկ Համբարյանի այս եւ նախորդ քննադատություններին: Ռեկտորատը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և միմյանց նկատմամբ դրսևորել կիրթ և հարգալից վերաբերմունք, իսկ համալսարանին հուզող հարցերը տեղափոխել գործնական և իրավական հարթություն:
Սոնա Դավթյան