Այսօր Աժ նիստի ընթացքում պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով առևտարականների դժգոհությանը` շրջանառության հարկի մասին օրենքից, ասաց.
«Նոր վարչապետի նշանակման ժամանակ ասվեց. վերականգնել հասարակության վստահությունը և ապահովել տնտեսական աճ: Բայց վերջին շրջանառության հարկի մասին օրենքի ընդունումը ցույց է տալիս, որ նախապատվությունը տալիս ենք խոշոր բիզնեսին` անտեսելով փոքրն ու միջինը: Այդ նպատակով` այսօր նախատեսել ենք արտահերթ լիագումար նիստի անցկացում` քննարկելու այդ օրինագիծը: Առաջ ենք քաշել երկու անցումային դրույթ. թողեք կամավորության սկզբունքը գործի. մարդն, եթե ուզում է փաստաթղթավորմամբ, թող այդպես գործի, իսկ եթե չի ուզում, թող մինչև 2016թ. հունվարի մեկը աշխատի այսօրվա գործող ռեժիմով»:
Պատգամավորը խոսեց նաև օրենքին հաջորդող հնարավոր խնդիրներին.
«Մենք հասկանում ենք, որ եթե բազմահազար ապրանքներ թղթավորվում են, առաջանում են բազմաթիվ խնդիրներ: Առաջին` կա վտանգ, որ այդ փոքր և միջին բիզնեսը անցնի 58.35 միլիոնի շեմը, սա հստակ է, կան հաշվարկներ: Երկրորդ` նա ընկնելու է ավելացված արժեքի դաշտ ու ըստ էության` փակվելու է: Պետք է խորհրդարանական բոլոր ուժերով հավաքվենք ու փոքր և միջին բիզնեսին առօրյա սթրեսի վիճակից հանենք: Ես կարծում եմ, որ մենք այդ խոհեմությունը պետք է ունենանք, որպեսզի բոլոր քաղաքական ուժերով այդ հարցը լուծենք»: