Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նստաշրջանը: Խորհրդարանը քննարկման է դրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագիծը, որով մարտական դիրքերում վիրավորվելու արդյունքում առողջական խնդիրներ ունեցող զինվորները պետք է բուժվեն պետբյուջեի հաշվին:
Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ «Պաշտպանության ներքին անվտանգության հարցերի» հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և ասաց, որ կառավարության ներկայացուցիչները այդպես էլ հրապարակային չմասնակցեցին այս օրինագծի քննարկմանը և ըստ էության` հիմնավորումներ չներկայացրեցին, թե ինչու են մերժել բոլոր զինծառայողների համար արտոնություններ սահմանելու մասին դրույթը:
«Ի՞նչ է նշանակում, թե մենք հնարավորություն չունենք ապահովել բոլոր զինվորների` արտերկրում բուժում ստանալը, եթե իսկապես հնարավոր չէ այդ բուժումը կազմակերպել Հայաստանում: Մեր բոլոր զինվորները, նրանց ծնողները պետք է վստահ լինեն, որ անկախ նրանից, թե ծառայությունը որտեղ են իրականացնում` առաջնագծում, մարտական հերթապահության ժամանակ, թե այլ իրավիճակներում, նրանք պետք է վստահ լինեն, որ պետությունը երաշխավորում է նման օգնություն»,- ասաց Նահապետյանը:
ՀՀԿ-ականի ելույթն, ըստ էության, դուր չեկավ Գալուստ Սահակյանին: ԱԺ նախագահը արձագանքելով` ասաց.
«Ես կարծում եմ` մեր ցանկությունները չի կարելի անընդհատ պարտադրել: Այլ խմբակցությունների փոխարեն կասեի, պարոն Նահապետյան, Ձեր խմբակցությունում համոզեիք, առավելևս, եթե այդքան կարևոր է՝ ձեր հանձնաժողովում քննարկեիք: Բյուջեի քննարկումներ են լինում, հանձնաժողովի նախագահ եք, էն ժամանակ պայքարեիք: Նստեիք, քննարկեիք ձեր հանձնաժողովում, անընդհատ ո՞նց կարելի է, մանավանդ որ գիտեք ձեր հանձնաժողովի տեսակետը»,- ասաց Սահակյանը: