տուն Լուրեր Եթե ամեն մեկն իր տեղում, իր հերթին մի ճրագ վառի, Հայաստանը կլուսավորվի․...

Եթե ամեն մեկն իր տեղում, իր հերթին մի ճրագ վառի, Հայաստանը կլուսավորվի․ hetq.am

178
0

hetqԱրմավիրի մարզում գտնվող Գետաշեն գյուղի դպրոցը մեր իրականության մեջ օազիսի է նման, օազիս՝ կրթական և հասարակական համակարգում: Կանաչ, մաքուր, կոկիկ ու կարգապահ, որտեղ ամեն ինչ զրոյից ստեղծվել և բարեխղճորեն պահպանվում է իր իսկ աշակերտների ձեռքով և հոգածությամբ: Դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը յուրաքանչյուր այցելուի հպարտությամբ ցույց է տալիս ընդամենը մի քանի տարվա ընթացքում իրագործած հսկայական ծրագրերը, որի արդյունքում այսօր համայնքն ունի բարեկարգ ու մի շարք առանձնահատկություններով աչքի ընկնող դպրոց:

«Հինգ տարի առաջ, երբ ես եկա դպրոց, սարսափելի վիճակ էր. կարծես պատերազմած Ղարաբաղում լինեինք, — ասում է Գ. Մուքոյանը,- այստեղ դուք կարող էիք տեսնել մի հսկա տարածք՝ անմշակ, քարուքանդ, ճաքած ու քայքաված պատ-առաստաղով, ոչ հիգիենիկ վիճակներով: Աշակերտները դաս էին անում իշաոտուկներին նստած, ձմռանը դասասենյակները տաքացվում էին նավթի վառարանով: Ահավոր պայմաններ էին: Հիմա արդեն այդ ամենն անցյալում է»:

Սահմանամերձ այս գյուղի դպրոցը, մեծ իմաստով, լուրջ վկայություն է խելացի ու արդյունավետ կառավարման, ինչպես հիմա ենք ասում՝ մենեջմենթի, թեև տնօրենը խոստովանում է, որ նման հմտությունների հատուկ մասնագիտացում չի ունեցել. ինքն ընդամենը աշխատել է ստեղծել ու բարեկարգել մի միջավայր, որտեղ սովորում են երկրի ապագա պահապանները, այդ թվում՝ իր երեխան: Դպրոցի առաջին վերականգնողական աշխատանքներին օգնեցին Արմավիրի մարզպետարանը, ապա «Հայաստանի մանուկներ » հիմնադրամը՝ COAF-ը: Հետո հաջորդեցին մյուսները: Այս տարիների ընթացքում նրանք համագործացել են տարբեր հիմնադրամների, կազմակերպությունների, անհատ-բարերարների և կամավորական խմբերի հետ: Տնօրենը վստահեցնում է, որ դպրոցը ոտքի կանգնեցնող գրեթե ամեն մի քայլին անձամբ մասնակից են եղել երեխաները:  Բարեկարգումներն անմիջապես աչքի են ընկնում դպրոցի մուտքից: Շրջապատող կանաչ ու մաքուր այգին տեղ-տեղ հնագիտական թանգարան է հիշեցնում, որտեղ կարող ես գտնել գյուղատնտեսական զանազան աշխատանքային գործիքներ, հնաոճ կճուճներ, իրեր և դրանցով ստեղծված գեղեցիկ կոմպոզիցիաներ: Երեխաները տարածքը զարդարել են ձեռագործ աշխատանքներով: Բացի այդ, դպրոցը շրջապատված է Արևմտյան Հայաստանի 40 գավառները խորհրդանշող հսկա կարասներով, որոնցից ամեն մեկը ունի իր պատմությունը՝ իր նախկին ու հետագա  ճակատագրերով:

«Նախկին պայմաններն իսկապես հուսահատեցնող էին,- ասում է պարոն Մուքոյանը,-սակայն ե րբ առողջ կորիզ՝ թիմ ես ունենում, առողջ մտածողությամբ ու մտահոգ մարդկանց հետ ես աշխատում, հասկանում ես, որ պետք է մտածել ինչ-որ բան փոխելու, ստեղծելու ուղղությամբ: Ընդհանրապես հայերս ստեղծող ազգ ենք, ինչ իրավիճակում էլ հայտնվենք, մեզ բնորոշ հավատով ու կամքով ապրելու հնարավորություն ենք ստեղծում: Եթե ուզենք, կարող ենք, բայց արի ու տես, որ մեր իսկ տանը ոչ բոլորս ենք այդպես անում: Հիմա շատերը հիասթափվում են, մենք չհիասթափվեցինք: Երևի ի սկզբանե մաքսիմալիստներ էինք և նպատակ դրեցինք ինչքան հնարավոր է՝ չհանձնվել ոչ մի դժվարության: Փորձեցինք մեր առջև հստակ խնդիրներ դնել և անցնել իրագործման»:

Գետաշենի դպրոցում այսօր աշակերտները հանրակրթական ծրագրերից բացի հնարավորություն ունեն մասնակցելու այլ դասընթացների: Գործում են նկարչական, թատրոնի, հայրենագիտության, ուլունքագործության, ծղոտագործության, նույնիսկ, ֆերմերային գործի, առողջ ապրելակերպի և այլ դասարաններ: Ժամանակ առ ժամանակ բեմադրվում են ներկայացումներ, կազմակերպվում նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ: Ձեռագործ աշխատանքների մեծ մասը վաճառվում են Վերնիսաժում, իսկ հավաքված գումարն օգտագործվում է աշակերտների գրենական պիտույքների, անապահով երեխաների համար, երբեմն, հագուստի կամ էքսկուրսիաների ծախսերը հոգալու համար: Դպրոցի 13 խմբակ-դասարանների մեջ, սակայն, տնօրենը առավելապես ընգծում է աղբի կառավարման դասերը, որոնց արդյունքում երեխաները սովորում են անօգտակար թափոնները վերածել օգտակար իրերի:

«Այն ինչ թափոն է կոչվում, մենք չենք թափում, աղբը վերածում ենք օգտակար առարկաների:- ասում է Գ. Մուքոյանը,-հին վառարանները մեր դպրոցում, երեխաների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, վերանորոգվել ու  դարձել են նստարաններ. մաքրել ենք, ներկել, եռակցել ու ստացել բազրիք, նստարան, նկարի շրջանակ կամ սեղան: Դահլիճի բոլոր աթոռները նույն սկզբունքով ենք վերանորոգել: Մենք սովորում ենք նաև շատ քիչ ծախսերով ունենալ հարմարավետ պայմաններ»:

2015թ. «Վիվասել- ՄՏՍ»-ի և «Հայաստանի մանուկներ » հիմնադրամի աջակցությամբ դպրոցում բացվեց նորարարական տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով, ժամանակակից համակարգիչներով և համապատասխան կահույքով հագեցած ստեղծագործարանը: Այս հարմարավետ և գեղեցիկ միջավայրում թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները հնարավորություն ունեն դասընթացները զուգորդել ժամանակաից տեխնոլոգիական մեթոդների կրառմամբ՝ դրանով իսկ հասանելի լինել տեխնոլոգիական զարգացման վերջին միտումներին:

Սակայն այս դպրոցի առանձնահատկությունը այսքանով չի սահմանափակվում. նպատակների կիզակետում միայն վերանորոգված ու հարմարավետ պայմաններոմ սովորելը չէր:  Գետաշենի դպրոցն աչքի է ընկնում նաև ուսումնական այլընտրանքային ծրագրերով:

Գևորգ Մուքոյանը մասնագիտությամբ գյուղատնտես է, գիտությունների թեկնածու, այս բնագավառում մի շարք ուսումնասիրությունների և գրքերի հեղինակ: Հենց այս մասնագիտությունն է առիթ դարձել իրագործելու մի ծրագիր, որի հիմքում գյուղական դպրոցի նոր, հետաքրքիր և, ինչպես ժամանակն է ցույց տալիս, արդյունավետ մոդելի իրագործումն է:  Նախքան դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնելը, Գ. Մուքոյանը խոշորագույն ընկերություններից մեկում գլխավոր գյուղատնտեսի պաշտոնում էր, ինչպես ինքն է ասում, բարձր աշխատավարձով և իր մասնագիտությանը հարմար ու հաճելի աշխատանքով:

Ագրարային դպրոց. սա նշանակում է  ունենալ գյուղական կրթական համալիր, որտեղ երեխան գիտելիքներ ձեռք կբերի գյուղատնտեսության զարգացման և արդյունավետ օգտագործմանն մասին: Իսկ այս ընթացքում նա իր ձեռք բերած գիտելիքները միաժամանակ կիրառում է իր դպրոցում՝ սեփական աշխատանքի արդյունքին անձամբ ականատես լինելով:  « Ստացվեց այնպես, որ ես ինձ համար հաճելի և եկամտաբեր աշխատանքը թողեցի և եկա դպրոց, մոբիլիզացրեցի իմ բոլոր ուժերը՝ ընկերներիս ևս մասնակից դարձնելով. ես իրենց համար դարձա գյուղատնտես- խորհրդատու, իսկ իրենք՝ իմ դպրոցին աջակիցներ»:

Գևորգ Մուքոյանն ասում է, որ ներդնելով ագրարային դպրոցի գաղափարը՝ նպատակ է ունեցել այս կերպ երեխայի մեջ լավատեսություն ներարկել սեփական քրտինքով ստեղծելու և արդյունքի հասնելու ուղղությամբ, ինչպես նաև գիտակցության մեջ ամրացնել հողի արժեքն ու ուժը:  ‹‹Ես որոշեցի ստեղծել մի մոդել, որը հենց փոքր հասակից երեխայի մեջ այլ մտածողություն կձևավորի, երեխային կդաստիարակի այնպես,  որ նա սիրի իր հողը, գյուղը, հայրական տունը, մի այգի էլ ինքը տնկի ու պաշտպանի այն ամեն վատ ազդեցությունից կամ խոչընդոտից: Որովհետև պետության սահմանները սկսվում են գյուղից և վերջանում գյուղով: Էս դպրոցից դուրս եկած երեխան սահման էլ կպահի, պետություն էլ կշենացնի, հոգի էլ կունենա, կաշխատի, կարարի ու հայրենասիրության մասին էլ հատուկ դասերի կարիք չի ունենա: Մեր նպատակը երկիր շենացնող, հողի արժեքը գիտակցող սերունդ դաստիարակելն է և ամեն կերպ ջանում ենք, տեսնենք թե ինչ կունենանք:»:

Ագրարային դպրոցը գիտելիքներ է փոխանցում, թե ինչպես ճիշտ մշակել հողը, այգին ու արդյունք ստանալ: Այսօր Գետաշենի դպրոցը շուրջ 2 հեկտար այգի է հիմնել: Այստեղ գործում է մի գեղեցիկ ավանդույթ. Ամեն երեխա իր ծիրանենին ունի, որի մշակմամբ և խնամքով էլ զբաղվում է:  12-րդ դասարանն ավարտող երեխան իր տնկած ծառը փոխանցում է առաջին դասարանցուն:  «Ես իմ աշակերտներին միշտ ասում եմ՝ « Հողը միակ բանն է, որ քեզ երբեք չի խաբում: Եթե դու հոգով իրեն մոտենաս, ինքը քեզ անպայման կփոխհատուցի»,- ասում է դպրոցի տնօրենը:

Այգիներում երեխաների անմիջական մասնակցությամբ հատուկ ծրագիր իրագործվեց. տնկեցին զուտ հայկական սորտերի բույսեր, բանջարեղեն: « Այգին և բանջարանոցը միասին մշակում ենք, հետո բերքը հավաքում ու վայելում: Մեր աշխատանքի արդյունքում դպրոցի երեխաները սնվում են բացառապես օրգանիկ սնունդով՝ սեփական ձեռքերով խնամված, մշակված, աճեցրաց պտուղ-բանջարեղենով, դեռ կարողանում ենք ձմռան համար էլ պաշար հավաքել»:- ասում է պարոն Մուքոյանը:

Բարձր դասարանների աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև ծնողների մասնակցությամբ ու օգնությամբ  պահեստավորվում, պահածոյացվում են այս բարիքները՝ ամբողջ տարի դպրոցական սնունդ ունենալու համար: Հավաքած բերք ու բարիքից պատրաստվում են կոմպոտներ, մուրաբաներ, չորացած բանջարեղեն ձմռան համար, որից հետո հաջորդում է աշնան փուլը՝ գազարի, կարտոֆիլի բերքահավաքով, որը ևս ամբարվում է ձմռան ահամար: « Ծնողներից մեկն ինձ ասում էր, որ իր երեխան է սովորեցնում ինչպես բույսը ճիշտ մշակել, արդյունավետ բերք ստանալու համար»:

Վերջին տարիներին դպրոցը «Բիլայնի» աջակցությամբ  նաև ջերմատուն է կառուցել, որտեղից թարմ բանջարեղենը ամբողջ տարի տեղափոխվում է ճաշարան: Ապագա ծրագրերում նախատեսված է լուծել թարմ կաթի  և հավկիթի հարցը: «Մենք սովորում ենք ինքներս ստեղծել մեր շնչած թթվածինը, մեր առողջ սնունդն ու միջավայրը,- ասում է Գ. Մուքոյանը,- Ես հաճախ եմ համեմատականի մեջ դնում երկու աշխատասեր միջատների՝ մեղվին և մրջյունին: Նրանք ինչքան էլ նման են աշխատասիրությամբ, այնքան էլ տարբեր են նպատակներով. մրջյունն աշխատում է միայն իր համար, իսկ մեղուն բարիք է ստեղծում նաև շրջապատի համար: Իմ աշակերտներն այսօր մեղվի կարգավիճակն են նախընտրել»:

Գ. Մուքոյանն ասում է, որ հանցագործություն է համարում «կարկտահարված ու վարկերի տակ կքած» ծնողից դպրոցի համար աջակցություն ակնկալելը: Բացի այդ, ագրոդպրոցի, ստեղծագործական խմբակների օգնությամբ նրանք այսօր կարողանում են լուծել աշակերտների զբաղվածության հարցը նույնպես: Ամառային տապին, երբ մեծահասակները կիզիչ արևի տակ դաշտում աշխատում են, երեխաները գրեթե զբաղմունք չեն ունենում: Դպրոցի դռները բաց են նաև ամառային արձակուրդներին, իսկ նպատակը երեխաների զբաղվածությունը հոգալն է: Նրանք հաճախում են ստեղծագործական տարբեր խմբակների, կազմակերպում ցուցահանդեսներ և մասնակցում տարբեր թատերական ներկայացումների:

Ագրարային դպրոցն ունի իր լոգոն, որում պատկերված է փոքրիկ ժպտացող երեխան՝ ափի մեջ մի բուռ հող ու նրա մեջ ապրող բույսը: «  Ես սովորում եմ առողջ և ապահով դպրոցում- սա մեր ագրարային դպրոցի լոզունգն է,- ասում է Գ. Մուքոյանը,- Բոլոր դպրոցներն էլ հողային տարածքներ ունեն, բայց ոչ բոլորն են օգտագործում այնպես, ինչպես որ իրականում հնարավոր է: Իմ կարծիքով միշտ էլ պատճառներ կարելի է գտնել հեռանալն արդարացնելու համար, հեշտ է դժգոհել, թե ջուր չկա, փող չկա կամ ու՞մ համար անեմ: Ասում ենք նաև, որ սա երկիր չի, ամենուրեք պրոբլեմներ են և այլն: Ես հավատացած եմ, եթե ամեն մեկն իր տեղում, իր հերթին մի ճրագ վառի, Հայաստանը կլուսավորվի»:

Այսօր Թուրքիային սահմանամերձ Գետաշենի դպրոցն ունի նախակրթարան, կրտսեր, միջին և ավագ դպրոցներ, այստեղ է գտնվում նաև գյուղի մանկապարտեզը: գործում է նաև ներառական դասարանը, որտեղ սովորում է 26 երեխա: Դպրոցում գտնվող երեխաների թիվն այսօր հասնում է 300-ի: Գևորգ Մուքոյանը հպարտությամբ շեշտում է, որ ամեն տարի շրջանավարտների 30 տոկոսն իր կրթությունը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ հիմնականում Հայաստանի պետական, ագրարային, մանկավարժական համալսարաննեումր: Իսկ այս տարի նրանց թիվն ավելացել էր ևս 10 տոկոսով:

«Նոր սերունդը շատ ավելի լավն է, քան իրենց ծնողները… ես դա վստահությամբ եմ ասում- ասում է Գ. Մուքոյանը,- Եթե կա ցանկություն և հաստատակամ ես դրան հասնելու համար, կարող ես այն իրագործել, բայց դրա համար համբերություն  է պետք, ճիշտ ապրելակերպ: Հասարակության մեջ կա մի խավ, որը ոչինչ չի ուզում անել, բայց ուզում է լավ ապրել: Եվ ընդհանրապես, մենք մի վատ սովորություն ունենք, որից պետք է ձերբազատվենք. մեր իրականության մեջ, երբ մեկին որևէ պաշտոնի են նշանակում, մարդիկ ասում են՝ «Բարով վայելես», դա սխալ է, որովհետև դա վայելք չէ, ծառայություն է : Պետք է ասել «Բարով ծառայես»: Երբ մենր գիտակցության մեջ ամրագրվի այս մոտեցումը, շատ բան կփոխվի մեր կյանքում»:

Նաիրա Հայրապետյան