Այսօր մարտի ութն է՝ կանանց և աղջիկների միջազգային օրը: Օրվան համահունչ՝ araratnews.am-ը զրուցեց Երևանի ամենահայտնի անվաչմուշկներ վարող Լևոնի կնոջ՝ Գաբիի հետ, ով պատրաստվում է մայրանալ:
Գաբի, շուտով մայր եք դառնալու, լույս աշխարհ է գալու ձեր առաջնեկը: Զգացողություններն ինչպիսի՞ն են:
Պետք է ասեմ, որ մեր բալիկը շատ սպասված բալիկ է: Ինչ վերաբերում է տպավորություններին, զգացողություններին՝ ինձ թվում է, եթե ցանկացած կնոջ այդ հարցը տաք, կդժվարանա պատասխանել, որովհետև աշխարհում դեռ այդպիսի բառեր չեն ստեղծվել, որոնցով հնարավոր կլինի նկարագրել այդ զգացողությունները: Ես հիմա իրեն մաշկիս տակ եմ զգում և ամեն առավոտ, երբ արթնանում եմ, գիտեմ, որ մենակ չեմ: Ամեն րոպե գիտեմ, որ ինչ որ մեկն ապրում է իմ ներսում, խփում է, էմոցիաներ ունի: Ես արդեն իրենով եմ ուրախանում. կյանքս լրիվ փոխվել է:
Ամեն դեպքում, փոքրիկը իր հետ ոչ միայն նոր էմոցիաներ, ջերմ զգացողություններ, ուրախություն ու հետաքրքրություն է բերում, այլ նաև փոքրիկ, ինչու չէ, նաև յուրահատուկ դժվարություններ, որոնք մինչ այդ չեն եղել և կնոջ առօրյան կտրուկ փոխում են: Պատրա՞ստ եք այդ նոր դժվարություններին:
Մինչև հիմա ինչ-որ դժվարություններ չեմ ունեցել, որովհետև ոչ մի րոպե մենակ չեմ եղել: Գուցե հետո ին- որ դժվարություններ լինեն, որոնք կարծում եմ, որ հեշտությամբ կհաղթահարեմ, որովհետև ամուսինս նորից կողքիս կլինի: Իսկ փոփոխություններ արդեն կան: Ես հոգեպես փոխվել եմ, բնավորությունս է փոխվել, ավելի հանգիստ եմ դարձել և սկսել եմ ինչ-որ բաների ուշադրություն չդարձնել:
Իսկ ապագա մայրիկի համար կարևո՞ր է երեխայի սեռը:
Ասեմ, որ սեռը վաղուց գիտենք: Այն ժամանակ, երբ չգիտեինք էլ, որ ինքն է լինելու, հենց իրեն էինք սպասում: Մենք միշտ ցանկացել ենք աղջիկ ունենալ: Լևոնն արդեն տղա ունի և շատ էր ուզում, որ երկրորդ բալիկը աղջիկ լինի: Ճիշտ են ասում, որ մի բան շատ ես ցանկանում, լինում է: Սա Աստծու կամքն է, իսկ նրա գործերն անքննելի են: Բայց եթե աղջիկ չլիներ, տղա լիներ, մեզ համար կարևորն այն էր, որ անպայման առողջ բալիկ լինի: Նախապես նաև որոշել ենք անունը՝ Ծիրանե: Միշտ Ծիրանե ենք ասելու, որ հետո ոչ մի տառ չջնջվի, այլ կերպ չարտասանեն անունը:
Ասացիք, որ Լևոնի երկրորդ երեխան է լինելու: Ինչպե՞ս ընդունեց նորից հայրանալու լուրը:
Մենք որոշել էինք Հայաստանից գնալ, դրսում երեխա ունենալ: Ես լրիվ պատահական իմացա, որ հղի եմ, չնայած՝ փոքրիկս շատ սպասված է: Առաջինը մայրիկիս ասացի, հետո, երբ Լևոնը տուն եկավ, իրեն ասացի, ու մինչև հիմա ինքը ցնծում է ուրախությունից, մինչև հիմա այդ նույն հոգևիճակում է, ոչ մի բան չի փոխվել:
Երբ նոր էիք ամուսնացել, ձեր մասին քննադատությունները շատ էին, անգամ մամուլն էր ձեր տարիքային տարբերության մասին խոսում: Համատեղ կյանքը կարծես սկսվեց դժվարություններով, որը չխանգարեց ձեր երջանկությանը: ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:
Սկզբում դժվարություններ շատ են եղել թե՛ իմ ընատանիքում, թե՛ իմ շրջապատում: Դա շատ դժվար է եղել: Բայց մի լավ խոսք կա, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում: Ես չեմ ուզում ասել, որ բոլոր ցավերը ժամանակը բուժում է, բայց այդ ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվում է: Մեր ընտանիքում Լևոնին ընդունելու հետ կապված դժվարություններ կան, որոնք դեռ ընդունել-չընդունել հարթության վրա են:
Մեր բարեկամների մի մասը մինչև հիմա չի հարմարվում այդ մտքին: Ես էլ չգիտեի, որ կյանքս այսպես կդասավորվեր, բայց սա է իմը, իմ ճակատագիրը, և ես երջանիկ եմ: Մեզ մոտ ամեն ինչ միանգամից է սկսվել, չեն եղել ծաղիկներ, բացիկներ, սիրային նամակներ, բայց մեր հարաբերություններում մինչև հիմա ռոմանտիկան կա: Հա, ես նոր հասկացա, որ մինչև հիմա Լևոնը ինձ ծաղիկներ չի նվիրել, բայց երբ մենք ամեն առավոտ գնում ենք մեր այգի՝ արևածագը դիմավորելու համար, ինձ միշտ մասուրի փունջ է նվիրում:
Դուք էլ եք աղջիկ ունենալու: Եթե մի օր էլ ձեր աղջիկը 25 տարեկանում գա և ասի, որ որոշել է ամուսնանալ 60 տարեկան մարդու հետ: Ինչպե՞ս կվարվեք:
Եթե իմ երեխան այդ տարիքում որոշի կյանքը կապել 60 տարեկան մեկի հետ, ես չգիտեմ ինչպես կնդունեմ, գուցե ես ավելի վատ քայլեր անեմ, սաստեմ, թույլ չտամ, որովհետև ամեն 60 տարեկան չէ, որ Լևոնի նման է, նրա նման առողջ է: Ես նույնիսկ չեմ զգում, որ ինքն ինձնից այդքան մեծ է, շատ հարցերում ինքն ավելի արդիական է, իսկ ես՝ ավելի պահպանողական:
Շատ մարդիկ կան, ովքեր ամուսնանում են իրենց հասակակիցների հետ, բայց իրենց կյանքը չի ստացվում, իրենք բաժանվում են: Մեզ համար ամենակարևորը այդ զգացմունքի առկայությունն է :
Իսկ ո՞րն է ապագա մայրիկի երջանկության բանաձևը:
Ինձ համար երջանկության բանաձև որպես այդպիսին չկա: Երջանիկ լինելու համար յուրաքանչյուր կին առաջին հերթին պետք է լինի գնահատված: Երբ կնոջը սիրում ու գնահատում են, արդեն գտնում են նրա երջանկության բանալին: Կարևոր է, որ կանայք էլ սիրեն, որովհետև տղամարդիկ շատ նուրբ, փխրուն էակներ են, ինչպես սիրես նրանց, նույն կերպ էլ նրանք քեզ կպատասխանեն: Տղամարդիկ էլ պետք է փայփայեն այն, ինչ ունեն: Տղամարդը պետք է միշտ նախաձեռնողի դերում լինի, միշտ առաջին քայլն ինքն անի, որ կինը չհիասթափվի:
Քանի որ այսօր կանանց տոնն է, ես էլ եմ ուզում շնորհավորել բոլոր կանանց: Ցանկանում եմ, որ ովքեր դեռ մայր չեն դարձել, թող անպայման մայրանան, որովհետև մայրությունը աշխարհի ամենամեծ բերկրանքն է: Անպայման ուզում եմ առանձնացնել մայրիկիս, ով ինձ համար շատ լավ մայր է եղել, ինքն ինձ համար «ամենամաման» է: Կյանքիս վերջին ժամանակաշրջանի այդ թոհուբոհի մեջ ես հասկացել եմ, որ մայրս է իմ ամենամտերիմ ընկերը:
Զրուցեց Էմմա Հովսեփյանը