Սերժ Սարգսյանի՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին ունեցած ելույթի երրորդ մասում, որտեղ նա անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտությանը, կարևոր մեսիջն այն է, որ եթե միջազգային հանրությունը չհասկանա և չսկսի իր ազդեցությունն ուղղել՝ սանձելու Ադրբեջանի արկածախնդրությունը, ապա Հայաստանը չի թոթափում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու պարտավորությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Նշվեց նաև, որ Արբեջանն անցել է ռուբիկոնը, որ սկսել է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Բայց խնդիրը հենց այն էր, որ Հայաստանը հայտարարեց՝ ինքն իր պարտավորություններից չի խուսափելու և պատրաստ է անգամ ինքնուրույն պաշտպանել իր բնակչության անվտանգությունը: Սա կարևոր էր, որովհետև պարունակում էր ինչպես իրավական, այնպես էլ՝ աշխարհագրական ձևակերպումներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ հատկապես այդ ուղերձը պետք է ընկալելի լինի միջազգային հանրության, Մինսկի խմբի համանախագահող երկրների համար: Նրանք պետք է գիտակցեն, որ այսօրվա դրությամբ ունեն շատ կարևոր խնդիր՝ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ և նրանց կարգի հրավիրել:
Պողոսյանը հիշեցրեց նաև, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է նաև կոչ արել Ադրբեջանին և հակամարտող կողմերին՝ դադարեցնել լարվածությունը: Կարևոր է, որ Հայաստանը ներկայացրեց իր պատրաստակամությունը խնդրի խաղաղ կարգավորման իմաստով:
«Եթե մենք համարենք, որ ամեն տարի պետք է օգտագործենք այսպիսի ձևակերպումներ, ինչպիսին է «գրողի ծոցը», ապա դա դիվանագիտության մեջ այնքան էլ ընդունված չէ: Նույն Օբաման, երբ նախորդ տարիների իր ելույթներում խոսում էր չարիքների մասին, այս տարի խոսեց անգամ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ համագործակցության մասին: Եթե այդ ուղերձը գրված չէ ինչ-որ կոչով, չի նշանակում, որ այն լուրջ չի ընդունվել: Բայց պետք է գիտակցենք, որ ելույթը՝ ելույթ, դրանից հետո սկսում է աշխատել դիվանագիտությունը: Սերժ Սարգսյանի ելույթից հետո դրա մասին տարածումը, դրա դետալների բացատրությունն արդեն դիվանագետներն ամեն երկրում պետք է տեղ հասցնեն, որ ցանկացածը ուշադիր լսի և ընկալի, որ Հայաստանն ասել է այդ մասին: Եվ եթե մի բան հիմա իրենք չանեն՝ կունենան խնդիրներ»,- նկատեց պատգամավորը:
Ըստ Թևան Պողոսյանի՝ դա շատ լավ գիտակցում և հասկանում է առնվազն Մինսկի խումբը: Նա վստահ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես ուշադիր են լսել այդ ելույթը:
«Այսօր տեղի է ունենալու այդ երկրների ներկայացուցիչների ելույթները, և եթե դրանցում լինեն անդրադարձներ Սերժ Սարգսյանի ելույթին՝ ուրեմն ամեն ինչ տեղ է հասել»,- եզրափակեց նա: