Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանն անցնում է նախապայմանային քաղաքականության:
«Նախկինում էլ նրանք ասում էին ինչ-որ տարածքներ ազատելու մասին, բայց իրենք վերջին երկու տարիներին հստակեցնում են իրենց քաղաքականությունը: Դրանով էլ պայմանավորված էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
«Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է, ուղղակի արձագանք է Ադրբեջանի կոշտացող քաղաքականությանը: Եթե Ադրբեջանի այս սադրանքները շարունակվեն, կսկսվի այլ գործընթաց: Կա երկու ճանապարհ. ԼՂՀ-ի ճանաչում կամ միացում Հայաստանի Հանրապետությանը: Հաշվի առնելով այն, որ Ադր հեղինակությունը միջազգային մակարդակում բավական ցածր է, կոնկրետ քայլերի դեպքում Հայաստանը համակիրներ կունենա միջազգային հարթությունում ԼՂՀ ճանաչման հարցում»,- ասաց նա` հավելելով. «Եթե Ադրբեջանը չցանկանա բանակցությունների գնալ, Հայաստանը կգնա կոնկրետ գործողությունների»: