Ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովը շարունակվում է: Ժողովի ժամանակ իր ելույթում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյան, խոսելով իշխանափոխությունից, շեշտեց, որ թեև ինքը համաձայն է իշխանափոխության վերաբերյալ հնչած բոլոր կարծիքների հետ, բայց միևնույն ժամանակ, պատգամավորի խոսքով, պակաս կարևոր չէ նաև մշակել այն քայլերը, որոնք իրենք անելու են իշխանության գալուց հետո:
«Եթե 1 կամ 2 տարի էլ իշխանափոխությունը հետաձգվի, այս երկրից էլ ի՞նչ է մնալու: Պետք է ասեմ, որ, եթե անգամ երկրում սոցիալական և տնտեսական ցուցանիշները համեմատաբար լավը լինեին, մենք նորից առնչվելու էինք այս խնդրի հետ, որովհետև մարդիկ դժգոհ են իրենց հանդեպ վերաբերմունքից, որովհետև «մարդ» հասկացությունը իշխանության կողմից տոտալ արհամարհանքի է ենթարկվում»,-նշեց Մ. Մելքումյանը:
Վերջինս հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկայիս ֆինանսական անկայունության պայմաններում աղքատությունը 32 %-ից աճել է 50-60 %-ի, գործազրկության պաշտոնական թիվը երկրում 20 %-ի է հասել, իսկ աղքատության թիվն անցնում է միլիոնից:
«Իշխանությունները նույնիսկ, երբ բարի նպատակներով տնտեսական բարեփոխումներ են ուզում անել, իշխանության քաղաքական բովանդակությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում դրա գոյությունը, որովհետև բոլորը գիտակցում են, որ այդ բարի նպատակներով օրենքները կծառայեն իրենց նպատակներին: Քաղաքական հիմնական ռեսուրսն այսօր վստահությունն է, իսկ եթե չկա վստահություն որևէ այլ բանի մասին խոսելն անիմաստ է»,-նշեց պատգամավորը:
Նա կարևորեց նաև հարկատուների միջև ստեղծված անհավասարությունների վերացման անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այսօր 80 հազար հարկատուներից 67 հազարը փոքր ու միջին են, իսկ մնացած մասը ԱԱՀ վճարողներն են, որոնց շարքում 200-250 ձեռնարկություն քաղաքական և վարչական հովանավորչություն ունի, ինչն, արդեն իսկ, անհավասար մրցակցություն է ստեղծում հարկատուների համար:
Վարդուհի Ստեփանյան