Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մնաց 3 օր: Քաղաքապետի թեկնածուներն ընդամենը այդ 3 օրն ունեն իրենց համաքաղաքացիներին վերջին անգամ ներկայացնելու իրենց ծրագրերը և վստահեցնելու, որ հենց իրենք են արժանի նրանց քվեին:
Araratnews.am-ին հետաքրքրեց, թե ում է ընտրելու դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, ինչպես նաև Երևանի ավագանու նախկին անդամ Հրանտ Թոխատյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ լսել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը և կարծում է, որ նոր ու թարմ ուժեր կգան՝ հետաքրքիր հայացքներով:
Հրանտ Թոխատյանը նաև նշեց, որ իր ձայնը տալու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին. «Ես պատրաստ եմ սատարել նրան ամեն ինչով, որովհետև մենք շատ լավ ընկեր և բարեկամներ ենք»:
Մեր հարցին՝ Հայկ Մարությանին ընտրելու որոշման հարցում նշանակություն ունի՞ իրենց ընկերական հարաբերությունները, թե՞ այնուամենայնիվ կարևոր է ներկայացված ծրագիրը, Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Լսել եմ Հայկի ներկայացրած ծրագիրը, նաև մնացած թեկնածուներինը: Բայց այսօր ընկերության ֆակտորն է»:
Ինչ վերաբերում է նախկին ավագանու աշխատանքին, արդյոք հնարավորությունների սահմաններում արվե՞լ է այն ամենը, ինչ կարող էին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Որքանով որ հնարավորություն եղել է ավագանու համար աշխատելու, այդպես էլ աշխատել է»:
Էմմա Հովսեփյան