Araratnews.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիրգան Ուրիխանյանը նշեց, որ դատապարտում է ոչ միայն օրեր առաջ ծեծի ենթարկված ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը, այլ նաև ցանկացած անձի հանդեպ նման ոտնձգությունը:
-Պարո՛ն Ուրիխանյան, վերջին ամիսների ընթացքում անընդհատ լսում ենք, որ անհայտ անձիք մարդկանց առևանգում ու ծեծի են ենթարկում, ըստ Ձեզ, սա ի՞նչ միտում ունի:
-21-րդ դարում մեր երկրում հանցագործությունները պետք է պատժվեն: Ծանրագույն հանցագործություն է մարդուն առևանգել, ծեծի ենթարկել ու դարձնել հաշմանդամ: Ինչ վերաբերվում է պատվիրատուներին, ապա նրանք իրենց այս քայլերով ավելի են ուժգնացնելու հակազդեցությունն իրենց նկատմամբ: Ես հանդիսանում եմ այն մարդկանցից մեկն, ով պահանջելու և պարտադրելու է անդառնալի պատիժ՝ և՛ Արտակ Խաչատրյանի հանդեպ ոտնձգության, բռնության և՛ մնացած դեպքերի առթիվ: Նման գործողություններ, այն մարդկանց նկատմամբ, որոնք խոսում են ժողովրդի շահից ենթադրում են երկրաչափական պրոգրեսիայով կողմնակիցների մասնակցություն և պաշտպանություն. Արտակի հետևից մարդիկ են գալու ու սրա մասին թող հիշեն: Գնալով ավելի ու ավելի կոշտ սխալներ են անում նրանք, ովքեր փորձում են ճնշել ժողովրդական զայրույթ, ցասում, բողոք օրենքի շրջանակում արտահայտող մարդկանց:
—Օրեր առաջ տեղի ունեցավ ԲՀԿ—ի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը, հնարավո՞ր է՝ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածը կապ ունենա այդ խորհրդաժողովի հետ, ուղղված լինի ձեր կուսակցությանը:
-Ես չգիտեմ, բայց մեկ բան ակնհայտ է՝ Արտակ Խաչատրյանը քաղաքացիական ակտիվիստ է, վերջին շրջանում նրա գործողությունները բոլորին է հայտնի: Այն, որ Արտակ Խաչատրյանը առնչություն ունի ԲՀԿ-ի հետ, մեզ համար շատ կարևոր, բայց, այնուամենայնիվ, այլ տեսանկյունից դիտարկվող հարց է: Հանցագործությունները մեր երկրում հատկապես նման կերպ, հատկապես քաղաքական կամ հասարակական գործունեության նկատառումներով չպետք է լինի, իսկ լինելու դեպքում պատիժը պետք է անդառնալի լինի:
-Այսինքն՝ Դուք դատապարտում եք Արտակ Խաչատրյան քաղաքացու հանդեպ բռնությունը, ոչ թե ԲՀԿ քաղխորդրի անդամի, այո՞:
-Ես արդեն Ձեր հարցին պատասխանեցի:
—ԲՀԿ—ն պատրաստվում է բոյկոտել ԱԺ հերթական քառօրյան, էլ ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:
-Քննարկումներ են լինելու ոչ իշխանական ուժերի միջև, քննարկումներից հետո պարզ կլինի ամեն ինչ:
Զրուցեց՝ Շողիկ Գալստյանը