տուն Լուրեր Ես մինչև այսօր ուզում եմ հավատալ, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի. Նելլի...

Ես մինչև այսօր ուզում եմ հավատալ, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի. Նելլի Դուրյան

100
0

Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն Ամանորը սիրում է անցկացնել տանը՝ ընտանիքի անդամների և հարազատների հետ. «Ամանորը մեզ մոտ ընտանեկան ավանդական տոն է. այն նշում ենք մեր հայրական տանը, ընտանիքի անդամների հետ: Մեր քույրերը, հարազատները դիմավորում են իրենց տանը, բայց հետո անպայման միանում են մեզ: Շնորհավորում ենք միմյանց, հետո մեկս մյուսին մեր պատրաստած անակնկալներն ենք մատուցում»:

Տիկին Դուրյանը հարազատներին սիրում է հյուրասիրել ամանորյա ավանդական ուտելիքներ.«Մեր սեղանին պարտադիր խոճկոր պետք է լինի, որն իմ նախընտրած ուտեստներից է և կարծում եմ գեղեցիկ է լինում սեղանին, պասուց դոլմա, տարբեր աղցաններ և այլ ուտեստներ»:

Նելլի Դուրյանն Araratnews.am-ի հետ զրույցում նաև կիսվեց իր մանկության ամանորյա հիշողություններով.«Մեր ընտանեկան սովորությունները բավականին լավն են եղել: Այն ինչ որ մեր տանն է եղել ու ես տեսել եմ, աշխատել եմ գրեթե բոլորը պահպանել: Մեզ մոտ շատ գեղեցիկ ավանդույթ է եղել, որ բոլոր մտերիմներով, հարազատներով հավաքվում էինք մի տանիքի տակ, որը պահպանվում է մինչև այսօր: Մանկության նվերներից, որ շատ է տպավորվել՝ իմ մեծ տիկնիկն է եղել, որը ստացել եմ ծնողներիցս: Ես հիշում եմ, որ այդ տիկնիկն իմ հասակից բարձր էր ու կարողանում էր քայլել:

Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկի գոյությանը հավատալուն՝ մեր զրուցակիցը պատասխանեց.«Ես մինչև այսօր ուզում եմ հավատալ, որ Ձմեռ պապիկ գոյություն ունի: Նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն գիտեի, որ Ձմեռ պապիկ չկա, դեռ մեջս հավատ կար, որ ինչու չէ, կարող է նաև լինել: Երեխաներս էլ մինչև այսօր ինձ նման հավատում են հրաշքների, որ կարող է Ձմեռ պապիկ լինել: Իհարկե, երբ նրանք մի փոքր մեծացան, փորձում էի համոզել, որ նա գոյություն ունի, բայց չէր հաջողվում, իրենք չէին հավատում, բայց ցույց էին տալիս, որ հավատում էին, որպեսզի ստանան իրենց նվերները: Այդ նվերներն ամուսնուս հետ դնում էինք տոնածառի տակ. մինչև հիմա միմյանց համար նվերները դնում ենք տոնածառի տակ ու միշտ ասում ենք՝ «Ինչ լավ Ձմեռ պապիկ է, գիտի ինչ պետք է նվիրի, ինչ է մեզ պետք»:

Վերջում ոստիկանության գնդապետը շնորհավորեց բոլորի Նոր տարին՝ մաղթելով անկեղծ ժպիտներ.«Ցանկանում եմ, որ գալիք տարում մեր ժողովրդի՝ հայերիս համար լինի լավ տարի, թող մեր դեմքներին լինի անկեղծ ժպիտներ, որ միմյանց տեսնելուց կարողանանք լիաթոք ուրախանալ, միմյանց ժպտալ»: