Աժ պատգամավոր Հեղինե Բիշարյանը Հանրային Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին խորհուրդ տվեց ավելի շատ եթերաժամանակ հատկացնել ռազմահայրենասիրական հաղորդումներին:
«Մեզ հարկավոր է պատրաստել զինվոր` մինչև այդ տարիքին հասնելը: Եթե մենք ուզում ենք ձևավորել հեռուստաընկերություն, մենք պետք է կարևորենք մի շարք թեմաներ, կապված սպորտի, մշակույթի ու գիտության հետ: Այս տարի անհրաժեշտ է ուշադրության մեջ պահել ցեղասպանության հարցը, Արցախի խնդիրը, Ջավախքի խնդիրը: Ինձ համար հատկապես կարևոր է Արցախի խնդրին ուշադրություն դարձնելը, որովհետև ամռանը, գտնվելով Դուբայում, ես ամեն օր դիտում էի CBS հեռուստաընկերությունը, որը անմիջականորեն, թիրախավորված քարկոծում էր Հայաստանին` անվանելով մեզ ագրեսոր: Նույնպես ներկայացվում էր Արցախը` որպես ադրբեջանական տարածք»,- ասաց Բիշարյանը:
«Ադրբեջանի գյուղերից խոսեցնում են երեխաների, որոնք ասում են, թե հայերը ագրեսոր են, միշտ խախտում են հրադադարը: Բայց մենք երբևէ հաղորդում չենք պատրաստում, թե Հայաստանի ինչ-որ դպրոցի աշակերտներ այցելում են խրամատներ, ինչին են ծանոթանում, որպեսզի հետո խղճներս հանգիստ այդ երեխաներին ուղարկենք բանակ: Ես հորդորում եմ ձեզ, ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեծ տեղ տվեք, ցուցադրեք երեխաներ, որոնք գնում են խրամատներ»,- եզրափակեց պատգամավորը: