Ազգային ժողովի մոտ առևտրականների բողոքի ակցիան շարունակվում է: Հիշեցնենք` առևտրականները պահանջում են իրենց ազատել հարկային մարմնի անհիմն պարբերաբար ստուգումներից:
Չնայած առևտրականները պահանջում էին հանդիպում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ, սակայն քիչ առաջ նրանք հանդիպեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ, ով այդ ժամանակ ԱԺ էր մտնում: Նա, տեսնելով առևտրականներին, լսեց նրանց խնդիրը, ապա հարցրեց` պահանջը գրավոր ունե՞ն: Առևտրականները պատասխանեցին, որ չունեն, ուղղակի պահանջում են, որ իրենց ազատեն հարկերից:
Մարգարիտ Եսայանն էլ հակադարձեց, ասելով` առանց գրավոր նամակի ձեր խնդիրն ինչպե՞ս բարձրաձայնեմ պատկան մարմինների առջև. «Բացի այդ, ես հո՞ չեմ կարող հարկային մարմիններին ասել` հեռո՛ւ մնացեք առևտրականներից»:
Araratnews.am-ի դիտարկմանը, որ առաջին անգամ չէ, որ առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպում, նա պատասխանեց, թե առաջին անգամ է լսում այս խնդրի մասին:
Մեր հաջորդ նկատառմանը, որ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը ցանկանում է բյուջեն լցնել սովորական մարդկանց հաշվին, Մարգարիտ Եսայանն ասաց` ձեր տպավորությունը սխալ է:
Սոնա Դավթյան